Չարաշահումների մեղադրանքով կարող են ձերբակալվել Ադրբեջանի ՌԾՈւ 97 զինծառայողներ

Ադրբեջանի ռազմածովային ուժերի գործունեությունը հետաքննող դատական մարմինն առաջիկայում հնարավոր է ներկայացնի ևս 97 հոգու ձերբակալության միջնորդագիր։ Նրանց կասկածում են պետական գույքի և խոշոր չափի գումարների յուրացման համար։ Այս մասին գրում է ադրբեջանական «Պուբլիկա» լրատվակայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավեր՝ Աստրախանում

Ադրբեջանի ՌԾՈւ ռազմանավեր՝ Աստրախանում

Լրատվամիջոցը նշում է, որ ռազմածովային ուժերում (ՌԾՈւ) անցկացվող տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված մեծաքանակ խախտումները չէին կարող լինել միայն ՌԾՈւ նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի ձեռքի գործը, և շնորհիվ միչման Էլխան Հաջիևի տված ցուցմունքների, ով հայտնի է «Կոդ-555» մականվամբ, ձերբակալվածների շրջանակն առաջիկայում կարող է ընդլայնվել։

Հայտնի է, որ Հաջիևը սերտ կապերի մեջ է եղել ինչպես ՌԾՈւ նախկին հրամանատարի, այնպես էլ պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի հետ ու տիրապետում է բազմաթիվ փաստերի, որոնց շնորհիվ էլ հետաքննությունն անցկացնող մարմնին հաջողվել է ընդլայնել կասկածյալների շրջանակը։ Ըստ աղբյուրի՝ Էլխան Հաջիևը սկզբում հրաժարվել է տալ ցուցմունքներ, սակայն երբ ակնարկել են, որ լռության դեպքում օրենքի հետ խնդիրներ կարող է ունենալ նրա որդին, Հաջիևը որոշել է համագործակցել։

Նշենք, որ Էլխան Հաջիևի անունը շրջանառվում է բազմաթիվ կալվածքների և սեփականության հետ։ Մասնավորապես, նրան են վերագրում Աբշերոնի թերակղզում, Ղուբայի, Գուսարի, Շաքիի շրջաններում, ինչպես նաև Թուրքիայում մի շարք վիլլաներ։ Ըստ նախնական վարկածի՝ այդ ունեցվածքը նա կուտակել է ռազմածովային ուժերի կազմում հաշվառվող որոշ նավերի փաստաթղթերի վերաձևակերպման արդյունքում իր սեփականությունը դարձնելու ճանապարհով։ Հաջիևն անմասն չի մնացել նաև վառելիքի յուրացումից, այս պահին հայտնի է նրա կողմից յուրացված շուրջ 400 տոննա դիզելային վառելիքի մասին։

Հիշեցնենք, որ Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո, զինված ուժերի մի շարք կառույցներում սկսվեցին տեսչական ստուգումներ։ Հենց դրանց ընթացքում էլ հայտնաբերվեցին խոշոր չափերի հասնող չարաշահումները ռազմածովային ուժերում։ Ի թիվս այլոց, այս պահին եռամսյա կալանքի տակ է նաև ՌԾՈւ նախկին հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովն, ում մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 313 (ծառայողական փաստաթղթերի կեղծում) և 179.3.2 (խոշոր չափի գումարների յուրացում) հոդվածներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *