Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկ և Դոնեցկ շրջաններն անկախություն են հռչակել, որը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։ Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ հաջողությամբ շարունակում են դիմադրել։
Ստեղծված իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին՝
22:30-Ուկրաինայի ուժային կառույցներին ամենայն հավանականությամբ այդպես էլ չհաջողվեց լուրջ հաջողություն գրանցել Կրամատորսկում։ Քաղաքի գրոհը մնացել է անարդյունք։ Իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ, ուժայինները դուրս են եկել քաղաքից։ Զոհերի և վիրավորների մասին ստույգ տեղեկությունները դեռևս բացակայում են։
18։30-Երևանի ժամանակով ժամը 18։30-ի դրությամբ իրավիճակը Կրամատորսկ քաղաքում համեմատաբար հանգիստ է։ Օրվա ընթացքում տեղ գտած ականանետային կրակի հետևանքով հրդեհ է բռնկվել քաղաքի հաստոցաշինական գործարանում։ Զոհերի և վիրավորների մասին կողմերը տեղեկություն դեռևս չեն հայտնել։
18։10-Մայիսի 18-ին արված տեսանյութում երևում է Սլավյանսկ քաղաքի հսկվող անցակետերից մեկը, որով անցնում են ինքնապաշտպանական ուժերը՝ դեսանտի մարտական մեքենաների վրա։
18։00-Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում են մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Սլավյանսկ քաղաքի վրա իրականացված ականանետային կրակի հետևանքները։
17։10-Ազգային գվարդիայի թվով 10 զինծառայողի անհետացման վերաբերյալ իրարամերժ հայտարարություններով են հանդես եկել Սլավյանսկի քաղաքապետի մամուլի քարտուղար Ստելլա Խորոշևան և Ուկրաինայի ազգային գվարդիայի մամուլի քարտուղար Վիկտորիա Կուշնիրը։ Վերջինս հայտնել է, որ զինծառայողները ծնունդով Լուգանսկի և Դոնեցկի շրջաններից էին և համակրանք էին տածում այտեղ ծավալվող շարժումների նկատմամբ, ինչի պատճառով էլ՝ դրժելով զինվորական երդումն, անցել են հակառակորդի կողմը։
Իր հերթին, Խորոշևան հայտնել է, որ ինքնապաշտպանական ուժերի կողմն անցնել փորձող 10 զինծառայողներին գնդակահարել են հենց ազգային գվարդիայի մարտիկները։
Նշենք միայն, որ զինծառայողների գտվնելու վայրի մասին այս պահին տեղեկություն չկա։
14:40-Ականատեսները հայտնում են Սլավյանսկի ուղղությամբ ընթացող զինվորական ավտոշարասյան մասին: Բեռնատարների թափքում եղել են ուժային կառույցների զինծառայողներ:
14:25-Փոխհրաձգություն է ծավալվել Կրամատորսկ քաղաքի օդանավակայանի շրջանում: Ամենայն հավանականությամբ ընթանում է օդանավակայանի գրոհ: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:
14:00-Դոնեցկի շրջանում մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը եղել է անհանգիստ: Ժամը 04:00-ի սահմաններում ընթացել են մարտեր Սլավյանսկի մատույցներում: Պարզ չէ, թե ով է նախաձեռնել հարձակումը, քանի որ ուժայիններն ու ինքնապաշտպանական ուժերը մեղադրում են հակառակ կողմին: Ականատեսները և տեղում աշխատող լրատվամիջոցների թղթակիցները հայտնում են, որ լսվել են ինչպես ինքնաձիգերի, այնպես էլ ականանետերի կրակի ձայներ: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Սլավյանսկում ընթացած մարտերի հետևանքով վիրավորվել է 4 զինծառայող:
Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։
Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։
Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։
Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն ինչըԿիև իշխանությունները չեն ճանաչել։
Գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։