Շրջայց զորամասի ճաշարանում, բուժկետում և բաղնիքում (վիդեո)

Արցախ կատարած այցելության ժամանակ լրագրողներով եղանք հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում: Զորամասի պայմաններին ծանոթանալուց բացի զրուցեցինք բուժկետի բժշկի, ճաշարանի և բաղնիքի պետերի հետ:

Բուժկետի բժիշկ, ավագ լեյտենանտ Սևան Իրիցյանը նշեց, որ յուրաքանչյուր զորամասում շուրջ քսան սանհրահանգիչ են պատրաստում, ովքեր ընտրվում են զինվորներից և ընթացքում մասնագետ են դառնում՝ պատրաստության ուղարկվելով Մուրացանի հոսպիտալ:

Այն հարցին, թե ինչից են հիմնականում գանգատվում զինվորները՝ Սևան Իրիցյանը պատասխանեց.

— Գանգատները հիմնականում սեզոնային են: Ձմռանը շատ էին շնչառական վարակները, ունեցել ենք թոքաբորբի դեպքեր, որը բավական արագ է տարածվում՝ անկախ հեռավորությունից; Ջրծաղիկի սեզոնն ավարտվեց, ներկայումս բուժվող մեկ հիվանդ ունենք: Շոգ եղանակին վերքերի հետ կապված խնդիրներն են շատանում, լինում են միջատների խայթոցներ, բայց ծանր հիվանդներ չենք ունեցել:

Իրիցյանը նշեց, որ չի եղել դեպք, երբ զինվորին օգնելու համար համապատասխան դեղորայք չլինի բուժկետում.

— Ճիշտ է, դեղորայքային ապահովությունը իդեալական չի, բայց բավարար է բուժօգնության համար: Սակայն չի լինում, որ հիվանդ ունենանք, բայց նա համապատասխան դեղ չունենա. դեղորայքի անհրաժեշտ քանակություն միշտ ունենք:

Մեր այն դիտարկմանը, որ հաճախ է պատահում, երբ զինվորները՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու, տանից դեղ են ուզում, Իրիցյանը արձագանքեց.

—Դա իսկապես մեծ խնդիր է: Շատ դեպքերում զինվորը ծնողներին զանգում և ասում է, որ գլխացավ ունի: Ծնողները դիմում են դեղատան աշախատողին, ով կիլոմետրով հեռու է զինվորից և անգամ գանգատները նրանից չի լսել՝ որոշ բաներ ճշտելով՝ ջերմության, լուծի կամ գլխացավի դեղ է տալիս, որն էլ չգիտես ինչ պայմաններում հասնում է զորամաս: Զինվորն օգտագործում է, երբ տեսնում է չի օգնում՝ գալիս է բժշկի ու տեղյակ չի պահում, որ նման դեղեր է օգտագործել:

—Իսկ ինչու՞ հենց սկզբից զինվորը չի վստահում բժշկին:

— Ընդհանրապես բժշկին այսօր քիչ են վստահում: Դեռ ուսանողական տարիներից նկատել ենք, որ հիվանդը հիվանդանոցից դուրս է գալիս, մտնում դեղատուն, հարցնում. «Բժիշկն ինձ ճի՞շտ դեղ է նշանակել, մի հատ նայեք դեղատոմսը, կարողա՞ ինձ ուրիշ դեղ տաք»: Բժշկին չվստահելու խնդիրը երևի բանակի հետ այնքան կապված չէ, որքան ընդհանուր մտածելակերպի հետ,- համոզմունք հայտնեց Իրիցյանը:

Մենք եղանք նաև դեղատանը, ծանոթացանք մի քանի դեղորայքի ժամկետի: Ավագ լեյտենանտը մեզ վստահեցրեց, որ բուժկետը պատրաստվում է կոսմետիկ վերանորոգման, իսկ շոգ եղանակին բնորոշ հիվանդությունների դեմ անհրաժեշտ դեղերն արդեն հատկացված են, որոնք նախատեսված են խայթոցների, վերքերի համար:

Ճաշի ժամին եղանք նաև ճաշարանում: Ճաշարանի պետը նշեց, որ զինվորներին հատկացվում է ամեն տեսակի սնունդ՝ կարագ, պանիր, թթվասեր, միս, տարբեր տեսակի ձավարեղեն և այլն: Մեր այցելության ժամին մատուցվում էին մակարանով և մսի պահածոյով, ինչպես նաև բրնձով, ոսպով և մսով ապուրներ, աղցան՝ թթու կաղամբով, կեչուպ, հաց, երեկոյան նախատեսված էր կրկին մսով երկու տեսակի ապուր, պանիր, ձկան պահածո կամ թթվասեր:

Մեր այն դիտարկմանը, որ հաճախ սնունդի ժամկետի ու որակի հետ կապված բողոքներ ենք լսում՝ ճաշարանի պետն ասաց.

—Իմ կարծիքով դա անհիմն է: Մենք ունենք նորմալ պատրաստող խոհարարներ, երևի այլ բանից են բողոքում՝ գցում են սնունդի վրա: Եթե ես իմանամ, որ մեր ժողովուրդը կարող է իր տանը նման ճաշ կազմակերպել՝ ես երջանիկ մարդկանից մեկը կլինեմ: Զինվորներին տալիս ենք նաև ցորենձավար, հնդկաձավար, բրինձ, լոբի: Կան զինվորներ, որ այս կամ այն ճաշատեսակը չեն սիրում, երևի դրանից են նման խոսակցություններ լինում:

Բաղնիքի պետը մեզ հետ զրույցում նշեց, որ զինվորները շաբաթական միայն մեկ անգամ բաղնիք գնալու հնարավորություն ունեն, բայց այդ կարգն առաջիկայում հնարավոր է վերանայվի: Իսկ բաղնիքը, ճաշարանը և բուժկետը հնարավոր է տեսնել տեսանյութում:

One response to “Շրջայց զորամասի ճաշարանում, բուժկետում և բաղնիքում (վիդեո)

  1. Pingback: HotTV | Շրջայց Արցախի ՊԲ զորամասում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *