Մինչև 2014-ի ամռան ավարտ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը 80 միավոր նորագույն ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներ է նախատեսում ուղարկել Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազա, ինչի մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ 2013-ին ՌԴ ՊՆ-ն Աբխազիա է ուղարկել 30 միավոր զրահափոխադրիչներ, իսկ այս տարի որոշել է կրկնապատկել տրամադրվող զրահատեխնիկայի քանակը:
8×8 ընթացամասով ԲՏՌ-82ԱՄ անվավոր զրահափոխադրիչը նախատեսված Է դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար: Այն խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչի ռուսաստանյան նորագույն արդիականացումն է:
ԲՏՌ-82ԱՄ արդիականացումը զրահափոխադրիչի բազային տարբերակից տարբերվում է սպառազինությամբ. բազային 14,5 մմ ԿՊՎՏ գնդացրի փոխարեն ԲՏՌ-82ԱՄ տարբերակի վրա տեղադրված է 30 մմ 2Ա72 ավտոմատ թնդանոթ, որին կցված է 7,62 մմ ՊԿՏ գնդացիրը: Բացի այդ, ԲՏՌ-82ԱՄ-ի վրա տեղադրված են սպառազինության կայունացման համակարգ, ինպես նաև օդափոխիչ ու այլ սարքավորումներ: Զրահափոխադրիչի վրա ավելացվել է նաև հակաբեկորային պաշտպանության հավելյալ զրահ:
Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Մեքենայի զանգվածը 13,6 տոննա է: ԲՏՌ-82ԱՄ-ը խճուղու վրա կարողանում է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, լողացող է, ջրային արգելքները հաղթահարում է 9 կմ/ժ արագությամբ:
Pingback: Ռուսաստանի խաղաղապահները նոր զրահատեխնիկա են ստացել | Ռազմ.info