2014-2016 թվականներին ընթացքում Ռուսաստանը կնորոգի զինված ուժերի 316 միավոր օգտագործված ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ ու կարդիականացնի դրանք՝ հասցնելով ԲՏՌ-82ԱՄ մակարդակի, ինչի վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն 3-ամյա պայմանագիր է կնքել ՌԴ Արմավիր քաղաքի «81-րդ զրահատանկային նորոգման գործարանի» հետ:
Ընդ որում՝ ընկերությունը միակն է եղել, որ դիմել է զրահափոխադրիչների արդիականացման՝ ՌԴ ՊՆ հայտարարած մրցույթին, ինչի մասին հայտնում է ՌԴ գնումների գործակալության կայքը: ՌԴ ՊՆ-ն զրահափոխադրիչների արդիականացման համար կվճարի շուրջ 190 մլն ամերիկյան դոլար:
Պայմանագրի համաձայն՝ զրահափոխադրիչներից 120 միավորն ընկերությունը պիտի նորոգի ու արդիականացնի մինչև 2014-ի ավարտը, 134 միավորը՝ մինչև 2015-ի ավարտը, իսկ մնացած 62 զրահափոխադրիչներն ընկերությունը զինված ուժերին պիտի տրամադրի մինչև 2016-ի ավարտը: Պայմանագրով նախատեսված է նաև, որ 2014-ին զրահափոխադրիչների մեկ միավորի արդիականացման գինը կլինի շուրջ 580 հազար ամերիկյան դոլար, 2015-ին՝ 604 հազար, 2016-ին՝ 630 հազար դոլար:
Խորհրդային ԲՏՌ-80 անվավոր զրահափոխադրիչը նախատեսված Է դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար: Նախագծված լինելով 1980-ականների սկզբին՝ այն 2012 թվականի դրությամբ դեռ արտադրության մեջ էր: Զրահափոխադրիչն ունի 30-ից ավելի արդիականացված տարբերակ: Առկա է աշխարհի մոտ 40 երկրների սպառազինության մեջ:
Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Զինված է 14,5 մմ ԿՊՎՏ ու 7,62 մմ ՊԿՏ գնդացիրներով: Մեքենայի զանգվածը 13,6 տոննա է: ԲՏՌ-80-ը խճուղու վրա կարողանում է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, լողացող է, ջրային արգելքները հաղթահարում է 9 կմ/ժ արագությամբ:
ԲՏՌ-82ԱՄ արդիականացումը զրահափոխադրիչի բազային տարբերակից տարբերվում է սպառազինությամբ. բազային 14,5 մմ ԿՊՎՏ գնդացրի փոխարեն ԲՏՌ-82ԱՄ տարբերակի վրա տեղադրված է 30 մմ 2Ա72 ավտոմատ թնդանոթ, որին կցված է 7,62 մմ ՊԿՏ գնդացիրը: Բացի այդ, ԲՏՌ-82ԱՄ-ի վրա տեղադրված են սպառազինության կայունացման համակարգ, ինպես նաև օդափոխիչ ու այլ սարքավորումներ: Զրահափոխադրիչի վրա ավելացվել է նաև հակաբեկորային պաշտպանության հավելյալ զրահ: