Բելառուսական «Մինոտոր-Սերվիս» ընկերությունը նախագծել է «Մոսկիտ» անվանումը կրող թրթուռավոր զրահապատ մարտական մեքենաների նոր ընտանիք, որը պատրաստվում է ներկայացնել 2014-ի հուլիսին Մինսկ քաղաքում կայանալիք MILEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին, ըստ arms.itsoft.su կայքի, հայտնել է ընկերության տնօրեն Վալերի Գրեբենշիկովը:
Տնօրենի խոսքով մեքենաները նախագծել են 3Տ թեթև զրահապատ մեքենայի հիմքի վրա ու պատրաստվում են ներկայացնել երկու տարբեր կորպուսներով: Նախատեսված է, որ ավելի բարձր կորպուսով մեքենաների հիմքի վրա կպատրաստեն հրամանատարաշտաբային մեքենաներ, շարժական հոսպիտալներ ու տեխնիկական օգնության մեքենաներ, իսկ ավելի ցածր կորպուսով տարբերակից կստանան հակատանկային ու հետևակի կրակային աջակցման մեքենաներ: Մեքենաները կունենան 0,7-ից մինչև 2,5 տոննա բեռնատարողություն:
«Մոսկիտ» զրահապատ մարտական մեքենաների մանրակերտերն առաջին անգամ ներկայհացվել են ապրիլի 14-ից 17-ը Մալայզիայում կայացած DSA-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:
Ըստ նախագծողների՝ այս բազմանպատակային մեքենաները նախատեսված են խորհրդային արտադրության ՄՏ-ԼԲ թրթուռավոր զրահափոխադրիչների հիմքի վրա ստեղծված տարբեր տեսակի զրահամեքենաները փոխարինելու համար: