Վենեսուելական զինված ուժերը ստացել են ռուսաստանյան ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչների հերթական 12-միավորանոց խմբաքանակը: Զրահափոխադրիչները վենեսուելական Պուերտո Կաբելյո նավահանգիստ են հասել ապրիլի 23-ին, ինչի մասին հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարության ու տեխնոլոգիաների ուսումնասիրության կենտրոնի» բլոգը:
Զրահափոխադրիչները ռուսաստանյան կողմը Վենեսուելային է հանձնել 2009-ի սեպտեմբերին երկու երկրների կնքած պայմանագրերի համաձայն, որոնցով ռուսաստանյան կողմը Վենեսուելայի զինված ուժերին պիտի տրամադրեր ինչպես զրահատեխնիկա, այդ թվում՝ զրահափոխադրիչներ, այնպես էլ ՀՕՊ միջոցներ ու այլ սպառազինություն:
Զրահափոխադրիչներին վերաբերող պայմանագրի համաձայն՝ Վենեսուելան Ռուսաստանից պիտի ստանար ԲՏՌ-80Ա սերիայի 114 միավոր զրահափոխադրիչներ, որոնց թվում պետք է լինեին ինչպես մարտական մեքենաներ, այնպես էլ ԲՏՌ-80Կ հրամանատարական ու ԲՌԷՄ-Կ զրահապատ նորոգման-տարհանման մեքենաներ: Նշված զրահատեխնիկայի մի մասը՝ 32 միավոր ԲՏՌ-80Ա զրահափոխադրիչներ, Ռուսաստանը Վենեսուելայի զինված ուժերին հանձնել էր դեռևս 2011-ի մայիսին:
Խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչը նախատեսված Է դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար: Նախագծված լինելով 1980-ականների սկզբին՝ այն 2012 թվականի դրությամբ դեռ արտադրության մեջ էր: Զրահափոխադրիչն ունի 30-ից ավելի արդիականացված տարբերակ: Առկա է աշխարհի մոտ 40 երկրների սպառազինության մեջ:
Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, դեսանտը՝ 7 հոգի: Զինված է 14,5 մմ ԿՊՎՏ ու 7,62 մմ ՊԿՏ գնդացիրներով: Մեքենայի զանգվածը 13,6 տոննա է: ԲՏՌ-80-ը խճուղու վրա կարողանում է զարգացնել մինչև 80 կմ/ժ արագություն, լողացող է, ջրային արգելքները հաղթահարում է 9 կմ/ժ արագությամբ:
Ի տարբերություն բազային ԲՏՌ-80 զրահափոխադրիչի, Վենեսուելային տրամադրված ԲՏՌ-80Ա արդիականացման վրա 14,5 մմ գնդացրի փոխարեն տեղադրված է 30 մմ թնադանոթ, որը նրան մոտեցնում է անվավոր հետևակի մարտական մեքենաների դասին: Իսկ ԲՏՌ-80Կ հրամանատարական արդիականացման վրա պահվել է նախկին սպառազինությունն ու ավելացվել են կապի լրացուցիչ միջոցներ:
Pingback: Վենեսուելան մտադիր է նոր սպառազինություն գնել Ռուսաստանից ու Չինաստանից | Ռազմ.info