Հայ և ադրբեջանցի զինվորներին բաժանում է ֆուտբոլի դաշտից էլ փոքր տարածություն

Արցախի Մարտունի շրջկենտրոնը Երևանից հեռու է շուրջ չորս հարյուր կիլոմետր։ Իսկ Մարտունու դիրքերում կանգնած հայ զինվորը ադրբեջանցի զինվորից մոտ 80 մետր հեռավորության վրա է, ինչը քսան մետրով պակաս է ֆուտբոլի դաշտի երկարությունից։ Մարտունու դիրքերում ծածանվում է մեր եռագույնը, իսկ հայ-ադրբեջանական ռազմաճակատի գիծը պաշտպանում են տարբեր տարիքի և Հայաստանի տարբեր շրջաններից զորակոչված մարտիկներ։

Երևանից Արցախ հասած լրագրողներին զինվորների հետ հանդիպելու և խոսելու հնարավորություն էր ընձեռել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը (hetq.am) ԼՂՀ Պաշտպանության բանակի աջակցությամբ։ Զինվորներն ամենայն հավանականությամբ տեղեկացվել էին մեր այցի մասին։ Մինչ դիրքեր հասնելը  մեզ բաժանեցին զրահաբաճկոններ ու սաղավարտներ, որոնցից առաջինի քաշը 14 կգ է, իսկ սաղավարտն իմ տպավորությամբ 2 կգ կլիներ։ Զրահաբաճկոնը հագնելով՝ սկսում ես զգալ թշնամու վտանգը։ Իսկ երբ ոտք ես դնում խրամատ, որի վերջը չի էլ երևում, հրամանատարը հերթական անգամ զգուշացնում է. «Գլուխներդ չբարձրացնեք, այն բլուրի վրա թուրքն է, մարդ խփելու համար դիպուկահարին մի քանի վայրկյան է պետք»։

Զգոնանում ենք ու շարունակում քայլել խրամատով, մինչև հասնում ենք առաջին դիտակետին։ Զինվորները մեզ դիմավորում են ժպիտը դեմքներին, այն գիտակցմամբ, որ իրենց հիշում են։ Մի յուրօրինակ աշխուժություն է սկսվում խրամախորշում (блиндаж), մեկը, ինչպես հետո պարզվեց, գնում է սուրճ դնելու, մյուսը թիկնոցն է գցում աթոռին ու հրավիրում նստելու։ Ներքին լարվածությունս թուլանում է ու սկսում եմ գիտակցել, թե ինչ է կատարվում։ Արագ հավաքում եմ զինվորի՝ հենց նոր աթոռին գցած թիկնոցը ու վերադարձնում նրան: Փորձում եմ խոսքեր գտնել շնորհակալության համար, սակայն չեմ կարողանում լիարժեք ասել, որ այս պահին Երևանում հանգիստ ընդմիջում անող աշխատավորը, կարմիր լույսի տակ սպասող վարորդը ու անգամ փողոցում փող մուրացող՝ տեսքից առողջ երիտասարդը քո շնորհիվ է շարունակում իր բնականոն կյանքը։

Զրուցում ենք զինվորների հետ։ Վերջերս նկատել եմ, որ մարդիկ «ինչպես ես» հարցին հաճախ պատասխանում են «ոչինչ», «նորմալ», շատ ավելի հազվադեպ՝ «լավ եմ»։ Իսկ դիրքերում կանգնած զինվորի մտքով չի էլ անցնում պատասխանել «նորմալ» կամ «ոչինչ»։ Բոլորի պատասխանը մեկն է՝ «լավ ենք»… ու ժպտում են։

Նրանք այդ պահին չեն էլ հիշում որևէ խնդրի, օրերի միապաղաղության և մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա կանգնած թշնամու մասին, քանի որ լրագրողների այցը մի յուրօրինակ աշխուժություն է բերել:

Սեղանին դրված են Նոր կտակարան ու Նար-Դոսի նովելները։ Հրամանատարը դիմում է քիչ հեռու կանգած զինվորին. «Անտոնյա՛ն, էլի քո՞ գիրքն է»։ «Ճիշտ այդպես, պարոն գնդապետ» ։ Անտոնյանը նոր է ամուսնացել, արձակուրդի ժամանակ: Մայիսին պարտադիր զինծառայության երկու տարին լրանում է։ Անտոնյանի բերած գիրքը հերթով անցել է զինվորների ձեռքերով, իսկ հաջորդ անգամ դիրքեր բարձրանալիս Անտոնյանը հավանաբար արդեն իրենց հետ չի լինի, քանի որ հաշված օրեր մնացած կլինեն զորացրվելուն, բայց Նար-Դոսը կամ Բակունցը դիրքեր կհասնի մեկ այլ զինվորի ձեռքով։ Այդ ընթացքում մեզ սուրճ են հյուրասիրում. քաղցր է, իսկ ես դառն եմ խմում։ Բնականաբար չեմ դժգոհում ու խմում եմ: Այդ պահին հիշում եմ եղբորս, ով երկու տարի առաջ է զինծառայությունն անցել Մեխակավանում (Ջաբրաիլ)։ Սկսում եմ նրան ու զինծառայություն անցած մյուս տղաներին այլ կերպ գնահատել. նրանք մեծանում-մեծանում ու հավասարվում են տեղի լեռներին։

Զինվորներից Գևորգին հարցնում եմ. «Երբ վերադառնաս տուն, ի՞նչ ես պատմելու հարազատներիդ»։ «Փոքր եղբայր ունեմ, ինքն էլ է բանակ գալու, ասելու եմ, որ հրամաննները կատարի, անվտանգության կանոնները  պահպանի ու երկու տարի հետո հանգիստ կվերադառնա տուն»։ «Իսկ քո բանակ գալուց քե՞զ ինչ խորհուրդ են տվել»,— հարցնում եմ Գևորգին։ «Զարմիկներս այստեղ են ծառայել, ասել են, որ ամեն ինչ նորմալ կլինի, ինչ խորհուրդ ես եմ եղբորս տալու, այն էլ ինձ են տվել»։ Գևորգն էլ զորացրվելու է հունիսին, իսկ այդ ընթացքում մեկը կողքից արձագանքում է. «Բանակից եկողները պատմում են, թե ծառայության ընթացքում սարեր են շուռ տվել, բայց գալիս տեսնում ենք սարերն իրենց տեղում են…»։ Ժպտում ենք…:

Զինվորներից շատերը 19-20 տարեկան են։ Հարցնում եմ. «Բա չե՞ք վախենում, կրակոցներ չե՞ն լինում»։ Տարօրինակ հայացքով ու յուրօրինակ ժպիտով նայում են վրաս ու հարցիս հարցով պատասխանում. «Չէ, ինչի՞ց վախենանք։ Կրակոցներ լինում են, բայց դե մենք զգույշ ենք»։ Ու հասկանում ես, որ թշնամու հետ ընկերանալ-բարեկամանալու կոչերը սովորաբար հնչում են այն տեղերից, որը հեռու են սահմանից։ Լեռները խլացնում են կրակոցների ձայնը՝ թույլ չտալով, որ այն հասնի հանդուրժողականություն ու զիջումներ քարոզողների ականջներին։

Հարցնում եմ. «Իսկ ի՞նչ եք ուտում»։ Հարցիս ի պատասխան հրամանատարը բացում է սնունդի պահարանը, որը զով անկյունում է, որպեսզի սնունդը թարմ մնա։ Նա ցույց է տալիս պահածոները, հացը, ձուն, երշիկը, խտացրած կաթի տարաները, յուրաքանչյուր բաժնի համար հատուկ փաթեթավորված շաքարավազն ու… մաքուր կաթսաները։ Մեզ առաջարկում են համտեսել զինվորների բաժնից։ Բայց դա անում ենք մեկ այլ դիրքում. համեղ է։  Դիրքերում զինվորներն իրենք են իրենց համար ճաշ եփում։ Ընդհանրապես դիրքերում օրն ավելի ազատ է կազմակերպած։ Կարծես թե դա է հիմնական պատճառը, որ չեն էլ թաքցնում դիրքերում իրենց ավելի լավ զգալու փաստը։ Այս դիրքում միշտ տաք ջուր ունեն թեյի համար, քանի որ փայտի վառարանի ծխատար խողովակին երկրոդ շերտն է ավելացրած, իսկ երկու խողովակների արանքում ձևավորված ծորակով տարայում ջուրն է եռում:

Դրսում՝ ծառի տակ խաղում են շան ձագեր, որոնք մի քանի ամսից կնմանվեն նախորդ դիրքի շներին և պատրաստ կլինեն ցանկացած անծանոթի հոշոտել, իսկ անծանոթ կարող է լինել դիվերսանտը: Նույն բանը մեզ էր սպառնում, եթե կողքներիս չլինեին զինվորները:

Նրանց հարցնում եմ. «Ինչի՞ շուրջ եք ամենաշատը վիճում»։ «Հիմնականում չենք վիճում, մեկս մյուսին արդեն ճանաչում ենք, համ էլ ամբողջն օրն իրար հետ ենք, ի՞նչ ունենք կիսելու, որ վիճենք»,—հիմնականում պատասխաններն այսպիսին էին, իսկ գիտակցումը մեկն էր՝ պետք չէ վիճել միմյանց հետ, պետք է պատասխանել դիմացի բարձունքում կանգնածին։ Զինվորները հավատացած էին, որ իրենք հզոր են ու ցանկացած պահի կարող են պատասխանել հակառակորդին, ինչպես նաև վստահ են, որ հակառակորդը ծանոթ է իրենց ուժին։

Օրը դանդաղ ավարտվում է։ Մի քանի ժամ հագած զրահաբաճկոնը սկսում եմ արդեն չզգալ, ընտելացել եմ ծանրությանը, միայն այդ պահին եմ հասկանում, թե որքան մոտ է վտանգը սահմանին ու որքան հեռու մի շարք քաղաքներից ու գյուղերից, իսկ այդ վտանգը հեռացնողը նաև 18, 20-ամյա զինվորն է, ով, ի տարբերություն շատերիս, գիտակցում է, թե որտեղ է «կորցնում» կյանքից երկու տարին և որտեղ է այն գտնելու։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Հայկուհի Բարսեղյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *