ՀԱՊԿ-ի դաշնակիցները 500 մլրդ դոլարի ռուսական զենք և տեխնիկա են գնել

Հավաքական  անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակից պետությունները ձեռք են  բերել  500 մլրդ դոլարի ռուսական զենք և ռազմատեխնիկա։ Այդ մասին «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ին հայտնել է  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժինը։ Ըստ Բորդյուժինի՝  դաշնակիցները գնել են «առավել ժամանակակից զենք ու տեխնիկա»։

Կնքված պայմանագրերի մասին Բորդյուժինը չի մանրամասնել՝ նշելով, որ վաճառքը տեղի է ունեցել սպառազինության արդիականացման համատեղ ծրագրի շրջանակներում։ Ներկա պահին ՀԱՊԿ անդամներն են Ռուսաստանը, Բելորուսը, Հայսատանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։

2012 թվականի փետրվարի կեսերին հայտնի դարձավ, որ 2011 թվականին Ռուսաստանը  Ղազախստանին է վաճառել որոշ քանակի տանկերը պահելու զրահամեքենա և տանկերի շասիներով ծանր կրակային համակարգեր։ Բացի այդ, բանակցություններ են սկսվել հիմնական մարտական T-90 տանկերի՝ Ղազախստանին ու Ադրբեջանին մատակարարելու վերաբերյալ։

Հիշեցնենք նաև, որ 2010 թվականի դեկտեմբերին Ղազախստանի Օդային պաշտպանության ուժերի հրամանատար Ալեքսանդր Սորոկինը հայտարարել էր, որ Ռուսաստանն անվճար Աստանա կուղարկի հակահրթիռային С-300 համակարգեր։   Տարածաշրջանային ՀՕՊ գոտիների ձևավորումն ԱՊՀ-ն իրականացնում է 2007 թվականից։ Ներկա պահին ընդհանուր ՀՕՊ համաձայնագիր է կնքվել Բելառուսի և Հայաստանի հետ։ Առաջիկայում նախատեսվում է այդպիսի պայմանագրեր ստորագրել նաև ԱՊՀ մյուս  երկրների հետ։ Համաձայն գոյություն ունեցող պայմանավորվածությունների՝ ռուսական  սպառազինությունն ու ռազմատեխնիկան վաճառվում է ՀԱՊԿ դաշնակից երկրներին ոչ շուկայական գներով, իսկ երբեմն էլ հենց ինքնարժեքով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *