ՌԴ-ն խորտակել է իր Օչակով ռազմանավը՝ փակելով Ուկրաինայի նավերի ելքը ծով

Ռուսական կողմը 2014-ի մարտի 6-ի գիշերը մտածված կերպով խորտակել է Սևծովյան նավատորմի շահագործումից դուրսբերված,  1134 նախագծի մեծ հականավային Օչակով (ռուս.՝ Очаков) նավը՝ այդպիսով փակելով Ուկրաինայի ռազմածովային ուժերի Հարավային ռազմածովային կայանի նավերի մուտքը դեպի ծով։

1134 նախագծի «Օչակով» խորտակված ռազմանավը

Ինչպես հաղորդում է BMPD ռազմական բլոգը, մարտի 5-ին ՌԴ ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի մի շարք ռազմանավեր սկսել են լքել իրենց կայանման վայրերը՝ շարժվելով անհայտ ուղղությամբ։ Դրանց շարքում է Մոսկվա հրթիռային հածանավը։ Այս նավերն օրեր շարունակ իրենց կայանման վայրերի դիրքի արդյունքում փակել էին ուկրաինական ռազմանավերի մուտքն ու ելքը ծով։

Համաձայն աղբյուրի՝ նավերի շարժվելուց հետո ռուսաստանցի զինվորականներն Օչակովը քարշակների օգնությամբ ջուրն են իջեցրել, այնուհետև պայթեցրել են։ Այս ամենն ուկրաինական կողմից թաքցնելու նպատակով ՌԴ նավատորմի ռազմանավերը միացրել են իրենց լուսարձակներն Ուկրաինայի ՌԾՈւ ուղեկալների ուղղությամբ։

Ստացված տեղեկությունների պաշտոնական մեկնաբանություներ այս պահի դրությամբ չկան։

Հարկ է նշել, որ ներկա դրությամբ Դոնուզլավ լիճ մուտքը լիովին արգելափակված է։ Խորտակված Օչակովը տեղաշարժելու համար բավականին երկար ժամանակ և նյութական միջոցներ անհրաժեշտ կլինեն։

Հիշեցնենք, որ Օչակովը կառուցվել է 1970-ականներին Նիկոլաև քաղաքի նավաշինարանում։ Նավը շահագործման է հանձնվել 1973-ի նոյեմբերի 4-ին։ 1991-ին այն տեղափոխել են Սևաստոպոլի նավաշինարան վերանորոգման նպատակով, սակայն այդպես էլ չեն վերանորոգել։ 2008-ին նավը տեղափոխել են Տրոիցկի ծովախորշին կից տարածք, իսկ 2011-ի օգոստոսին այն վերջնականապես շահագործումից դուրս է բերվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *