Ալժիրը ՌԴ-ին պատվիրել է Մի-28Ն և Մի-26Տ2 ուղղաթիռներ

Ալժիրի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանին պատվիրել է 48 միավոր նոր հարվածային և բեռնատար  ուղղաթիռներ։ Պայմանագրի արժեքը գնահատվում է մոր 2.7 մլրդ ԱՄՆ դոլար։

Մի-26Տ2

Ինչպես հաղորդում է ռազմական վերլուծական «Ջեյնս» հանդեսը, 42 միավոր Մի-28Ն հարվածային ու 6 միավոր Մի-26Տ2 ծանր բեռնատար ուղղաթիռների ալժիրյան պատվերի մասին իրականում հայտնի էր դարձել ամիսներ առաջ ոչ պաշտոնական աղբյուրներից։

Նոր ուղղաթիռների արտադրությամբ զբաղվելու է Ռոստովի «Ռոստվերտոլ» ընկերությունը, որը ներառված է «Վերտալյոտի Ռոսսիի» հոլդինգի կազմում։

Ըստ աղբյուրի՝ բացի ուղղաթիռների տրամադրումից, պայմանագիրն ընդգրկում է նաև Ալժիրի օդուժի Մի-8 բազմանպատակային ուղղաթիռների արդիականացում, որից հետո դրանք կհասցվեն Մի-8ԱՄՏՇ բեռնատար ռազմական տարբերակի։ Ուղղաթիռներն ըստ այդմ կստանան օդաչուի զրահապատ խցիկներ, շրջադիտման էլեկտրաօպտիկական համակարգեր, թիրախների կանխորոշման սարքեր, ինչպես նաև սպառազինության համար կախոցներ։ Արդիականացումն իրականացնելու է Ուլան-Ուդենսկի ավիացիոն գործարանը։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ համացանցում հայտնվել էին Մի-28Ն և Մի-28Տ2 ուղղաթիռների լուսանկարներ, որոնք փորձարկումներ էին անցնում Ալժիրի տարածքում։ Լուսանկարներն ըստ երևույթին արվել էին 2012-ին։ «Ռոսօբորոնէքսպորտը» այդ ժամանակ հրաժարվել էր մեկնաբանել, թե ինչ նպատակով են ռուսաստանյան ուղղաթիռները փորձարկվում Ալժիրում։

Հավելենք նաև, որ վերջին տարիներին Ալժիրի իշխանությունները մեծ քանակով ուղղաթիռային տեխնիկա են ձեռք բերում, այդ թվում՝ 6 միավոր իտալական AW101 և 4 միավոր Super Lynx 300, ինչպես և 4 միավոր լեհական W-3 Sokol ուղղաթիռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *