Թուրքիան հրաժարվել է տեղական արտադրության առաջին տանկի՝ Ալթայի համար Ճապոնիայի հետ համատեղ շարժիչների արտադրությունից, ինչը կապված է ճապոնական կողմի սահմանափակումների հետ։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վերջին ամիսներին ակտիվ բանակցում էր ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերության հետ՝ թուրքական Ալթայ (թուրք՝ Altay) տանկի համար շարժիչների՝ Թուրքիայի տարածքում համատեղ արտադրություն հիմնելու շուրջ։ Թուրքական կողմից նախագծին պետք է մասնակցեր TUSAS Engine Industries ընկերությունը։
Այնուամենայնիվ, բանակցությունները հաջող ընթացք չեն ունեցել, ինչի հետևանքով էլ Անկարան հրաժարվել է հետագա համագործակցությունից։ Մասնավորապես, Թուրքիայի համար առաջնային է եղել Ալթայ տանկը հետագայում այլ երկրներ արտահանելու հարցը, ինչը հնարավոր չէր լինի անել ճապոնական ընկերության հետ համատեղ արտադրած շարժիչներով, քանի որ Ճապոնիայում մի քանի տասնամյակ է, ինչ գործում է ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանման լրջագույն սահմանափակումներ։
Թեև վերջին շրջանում Ճապոնիայում որոշակի մեղմվել են ռազմական արտադրանքի արտահանման արգելքները, ամեն դեպքում, թուրքերը խնդիրներ էին ունենալու ճապոնացիների հետ համատեղ շարժիչներով տանկերի արտահանման հարցում։
Այս ամենի արդյունքում էլ Թուրքիայում որոշել են կենտրոնանալ այլ տարբերակների, այդ թվում՝ նաև ամբողջովին Թուրքիայում արտադրված շարժիչներ ձեռք բերելու վրա։ Ներկայում Ալթայի համար իր արտադրած շարժիչներն է առաջարկում թուրքական Tumosan ընկերությունը, որի առաջարկը ներկայում ուսումնասիրում են Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունում։
Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարը նույնպես հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ թեև Ճապոնիայի հետ համատեղ շարժիչներ արտադրելու հարցը դուրս է եկել օրակարգից, սակայն ճապոնական կողմի հետ համագործակցությունն այլ ոլորտներում շարունակվելու է։
Նշենք, որ թուրքական արտադրության առաջին տանկը՝ Ալթայը, ներկայում շարունակում է փորձարկումներ անցնել։ Սպասվում է, որ այն կարող է սերիական արտադրությունը սկսել 2015 թվականին։
Ալթայ (Altay) հիմնական մարտական տանկը նախագծել է թուրքական Օթոքար ընկերությունը Թուրքիայի զինված ուժերի պատվերով։ Այն անվանվել է թուրք գեներալ Ֆահրեթին Ալթայի անունով, ով քեմալական շարժման ակտիվ մասնակիցներից է։
Առաջին թուրքական տանկի ստեղծման համար հիմնականում օգտագործվել է հարավկորեական K2 Black Panther տանկի համար կիրառված տեխնոլոգիաներն ու լուծումները։
Pingback: Ռազմաշաբաթը Թուրքիայում. մարտի 2-8 | Թուրքագիտական պորտալ