Մունդիալ-2014-ի անվտանգությունը կապահովեն շվեդական զենիթահրթիռային համալիրները

Բրազիլական զինված ուժերը գնում է դյուրակիր զենիթահրթիռային կայաններ, որպեսզի ապահովի 2014-ի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ու 2016-ի ամառային Օլիմպիական խաղերի անվտանգությունը, քանի որ երկու միջոցառոմներն էլ կայանալու են հենց Բրազիլիայում։ Շվեդական Saab ընկերության հետ կնքած պայմանագրով Բրազիլիայի զինված ուժերը գնում է RBS-70 դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք նախատեսված են ցածր բարձրությունների վրա թռչող օբյեկտների դեմ պայքարելու համար։

Շվեդական RBS-70 դյուրակիր զենիթահրթիռային համալիրը հրթիռի արձակման ժամանակ

Շվեդական RBS-70 դյուրակիր զենիթահրթիռային համալիրը հրթիռի արձակման ժամանակ

Ջեյնս ռազմական հանդեսի տվյալներով՝ 12,35 մլն ամերիկյան դոլարի դիմաց բրազիլական ցամաքային զորքերը արտադրող ընկերությունից կստանա ինչպես համալիրները, այնպես էլ դրանց հրթիռները, եռաչափ ռադիոտեղորոշման կայաններն ու այլ կից սարքավորումներ։

Հայտնի չէ, թե քանի համալիր է պատվիրել Բրազիլիան, սակայն պայմանագրով նախատեսված է, որ համալիրներն ընկերությունը կտրամադրի երկու խմբաքանակներով։ Առաջին խմբաքանակը Բրազիլիայի զինված ուժերին կհասնի պայմանագրի կնքումից 4 ամիս հետո ու պատրաստ կլինի ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, իսկ երկրորդ խմբաքանակը զորքերին կտրամադրվի պայմանագրի կնքումից 1 տարի անց։

Բրազիլիայի զինված ուժերում դրանք կօգտագործվեն այլ զենիթահրթիռային համալիրների հետ, որոնք արդեն կան սպառազինության մեջ։ Բրազիլիայում ներկայումս կիրառում են խորհրդային/ռուսական արտադրության Իգլա դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, 35 մմ Գեպարդ-1Ա2 ինքնագնաց զենիթահրթիռային համալիրրներ, ինչպես նաև այլ սպառազինություն, որը պիտի արդիականացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության ու Օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու համար։

Շվեդական RBS-70-ը դյուրակիր զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է ցածր թռչող օբյեկտների խոցման համար։ Համալիրի արձակման կայանը հիմնականում տեղադրվում է եռոտանու վրա, բայց կարող է ամրացվել նաև մեքենաների ու նավերի վրա։ Արձակված հրթիռի հեռավորությունը 250 մետրից 8 կմ է, թռիչքի բարձրությունը՝ 5 կմ։ Հրթիռի արագությունը գերազանցում է ձայնի արագությանը 1,6-ից 2 անգամ՝ կախված հրթիռի տեսակից։ 1977-ից արտադրվող համալիրներով զինված է աշխարհի 20-ից ավելի պետություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *