Թուրքիայում ամերիկյան միջուկային սպառազինությունը կթարմացվի

ԱՄՆ էներգետիկայի նախարարությանը կից միջուկային անվտանգության վարչությունը պլանավորում է թարմացնել Թուրքիայի Ինջիրլիք ամերիկյան ռազմաբազայում առկա ԱՄՆ բանակի միջուկային սպառազինությունը։ B-61 ռումբերը կփոխարինվեն արդիականացված B61-12-ներով։ Այս մասին հաղորդում է թուրքական Հաբերթյուրք լրատվակայքը։

ԱՄՆ բանակի սպառազինության միջուկային մարտագլխիկներ
Արդիականացված B61-12-ն ի տարբերություն իր նախորդի՝ կառավարվող է, ինչը հնարավոր է դարձել ռումբի հետին մասի կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։ Արդիականացված միջուկային ռումբերը նոր են անցել փորձարկումների փուլը և ենթադրվում է, որ դրանք արդեն հնացած B-12-ները փոխարինելու կգան ոչ շուտ, քան 2017-ը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ միջուկային անվտանգության ազգային աշխատակազմը 2014-ի փետրվարին հայտնել էր արդիականացված B61-12 միջուկային ռումբերի լաբորատոր փորձարկումների բարեհաջող ավարտի մասին։ Այդ ժամանակ ևս հայտարարվեց, որ արդիականացված ռումբը կոչված է փոխարինել ԱՄՆ միջուկային սպառազինությունում առկա հնացած ռումբերը։

Նշենք, որ ԱՄՆ-ն սեփական տարածքից դուրս, միջուկային զենքի պաշարներ ունի նաև Բելգիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում և Թուրքիայում տեղակայված իր ռազմաբազաներում։ B-61 միջուկային ռումբն առաջին անգամ Թուրքիա է բերվել 1955-ին։ Թվով շուրջ 70 ռումբի պաշարները Ադանա քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորությամբ տեղակայված Ինջիրլիք ռազմաբազայում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *