ԱՄՆ-ն մասամբ կասեցրել է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը

ԱՄՆ-ն մասնակիորեն կասեցնում է Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը՝ ժամանակավորապես դադարեցնելով համատեղ վարժանքներն ու նավահանգիստներ կատարվելիք այցերը։ Այս որոշումը պայմանավորված է Ղրիմում ՌԴ զինուժի զինծառայողների ու ռազմական տեխնիկայի առկայությամբ։

ՌԴ ԶՈւ զինծառայողները Ղրիմում. 01.03.2014թ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի ներկայացուցիչ, փոխծովակալ Ջոն Քիրբին՝ այնուհանդերձ հավաստիացնելով, որ Ուկրաինայի ներքին զարգացումները չեն ազդել տարածաշրջանի ջրային տարածքներում Պենտագոնի ռազմանավերի ընթացքի վրա։

Իր հերթին, ռուսաստանյան «Ռիա Նովոստի» գործակալությունն էլ փոխանցում է, որ չեղյալ են համարվել նաև ռուս-ամերիկյան ռազմական բնույթի համաժողովներն ու բանակցությունները։

Հարկ է նշել, որ ԱՄՆ առևտրային ներկայացուցչության վարչությունից տեղեկացրել են՝ ՌԴ-ի հետ երկկողմ առևտրային համաձայնագրի իրականացումը ևս կասեցվում է։

Ռուսաստանյան աղբյուրները չեն հերքում վերոհիշյալ լուրերը։

Հավելենք, որ մարտի 3-ին Ռուսաստանի դեմ կիրառվելիք հնարավոր սահմանափակումները և պատժամիջոցները քննարկվել են Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարների նիստին։

Առաջարկներ հնչեցին ՌԴ-ի հետ վիզային  ռեժիմի դադարեցման վերաբերյալ։ Պատժամիջոցների առնչությամբ վերջնական որոշումը կկայացվի Եվրամիության գագաթաժողովում։ Այնուամենայնիվ, ԵՄ-ում ՌԴ-ի ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը պատժամիջոցների սպառնալիքներն անլուրջ է համարում։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների գծով հանձնաժողովի նախագահը հայտարարել էր՝ իրենք նախագահական աշխատակազմի հետ բանակցում են ՌԴ-ի դեմ տնտեսական ու ռազմական բնագավառում պատժամիջոցներ կիրառելու։

ՌԴ-ի ու Արևմուտքի հարաբերությունները սրվել են, երբ ՌԴ Դաշնությունների խորհուրդը որոշել էր ընթացք տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը Ուկրաինայի բնակիչ ռուսների և Ուկրաինայում ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով զորքեր մտցնելու վերաբերյալ։ Մի քանի պետություններ սառեցրել են Սոչիում անցկացվելիք G8 գագաթաժողովին նախապատրաստությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *