ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչը վթարի է ենթարկվել. օդաչուն զոհվել է

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18C Hornet կործանիչը մարտի 1-ին վթարի է ենթարկվել Նևադա նահանգում վարժանքների ժամանակ։ Մարտի 3-ին հայտնի է դարձել, որ օդաչուն չի կարողացել դուրս գալ և մահացել է։

Ինչպես հաղորդում է  «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ԱՄՆ ՌԾՈւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի մամուլի քարտուղար, լեյտենանտ Ռեյգան Լորիտզենի խոսքերին, փրկարարներին հաջողվել է հասնել կործանիչի վթարի ենթարկման վայր միայն ժամեր անց։ Որպես պատճառ՝ հիշատակվում է ձնաբուքը, ինչպես նաև տեղանքի լեռնային լանդշաֆտը։

Նշենք, որ վթարն արձանագրվել էր ԱՄՆ ՌԾՈւ Ֆոլոն ծովային ռազմակայանի մերձակայքում։

Այս պահի դրությամբ կործանիչի վթարի նախնական վարկածներ առաջ չեն քաշվել։

Հավելենք, որ տախտակամածային կործանիչ F/A-18C Hornet-ն ամերիկյան ռազմածովային ուժերի հիմնական մարտական ինքնաթիռներից է։ Այն ստեղծվել է 1970-ականներին ամերիկյան McDonnel Douglas ընկերության կողմից, առաջին թռիչքը կատարել է 1978-ին, շահագործման է հանձնվել 1983-ին, իսկ 1990-ականների կեսերին լիարժեք արդիականացում է անցել։ Շահագործվում է հիմնականում ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Իսպանիայում, Կանադայում, Քուվեյթում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում։

Ինքնաթիռի երկարությունը 17.07 մ է, բարձրությունը՝ 4.66 մ, թևի բացվածքը՝ 11.43 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 23 400 կգ, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 15 240 մ, առավելագույն արագությունը՝ 1915 կմ/ժ, անձնակազմը՝ 1 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *