Ուկրաինական «Մորե» («Море») ավիաշինական գործարանը 2014-ի մարտի 1-ին հրատապ կերպով Չինաստան է ուղարկել այդ երկրի համար կառուցված 958 «Բիզոն» (ուկր.՝ «Бизон») նախագծի երկրորդ փոքր դեսանտային նավը: Ուկրաինական կողմը զգուշանում էր ռուսական զորքերի՝ Ուկրաինայի տարածքում հավանական մարտական գործողությունների դեպքում նավի առգրավումից կամ վնասումից։
Ինչպես հաղորդում է ռազմական վերլուծությունների BMPD բլոգը, քարշակների օգնությամբ դեսանտային նավը հասցրել են Թեոդոսիայի նավահանգիստ, ապա տեղադրել կամրջանավի վրա և ուղևորել դեպի Չինաստան։
Ճիշտ է՝ պաշտոնական աղբյուրները չեն հաստատում տեղեկությունը, բայց BMPD բլոգը վկայում է՝ նավը պատվիրատուի հրատապ ուղարկելու հետևանքով այն ծրագրած փորձարկումների փուլն ամբողջությամբ չի անցել:
Հիշեցնենք, որ 958 «Բիզոն» նախագծի այս դեսանտային նավի կառուցումն ընթացել է 2009-ին Չինաստանի հետ կնքած շուրջ 315 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի շրջանակներում։ Պայմանագիրը ենթադրում էր, որ չինական կողմը ստանալու է 2 միավոր դեսանտային նավ. առաջին նավը փոխանցվել է Չինաստանին 2013-ի մայիսին։ Բացի այդ, պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ ևս երկու միավոր «Բիզոն» պետք է կառուցվի Չինաստանի տարածքում։
Հավելենք, որ 958 նախագծի դեսանտային նավերն ունեն 555 տոննա ջրատարողություն, ունակ են բացել մինչև 60 հանգույց արագություն, շարժի հեռավորությունը 300 մղոն է։ Դրանք նախատեսված են շուրջ 3 տանկերների տեղափոխման համար՝ ընդհանուր առմամբ 150 տոննա զանգվածով, կամ էլ 10 միավոր զրահամեքենաների՝ 131 տոննա զանգվածով 140 դեսանտային զորքերի զինծառայողների հետ միասին։ Այս տիպի նավերն ունակ են տեղափոխել նաև 8 միավոր ՀՄՄ-ներ՝ 115 տոննա զանգվածով։