Իրանի էլեկտրոնային արդյունաբերության պետական կազմակերպությունը փետրվարի 25-ին ներկայացրել է պաշտպանության նախարարությանը 21 նոր ռադիոտեղորոշման և էլեկտրոնային սարքեր։
Ներկայացման արարողությունը կայացել է Պարս նահանգի Շիրազ քաղաքում, որին ներկա էին նաև Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հուսեյն Դեհքանին, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականներ։
Հարկ է նշել, որ ներկայացված 21 սարքավորումների շարքում եղել է ազդեցության մեծ հեռավորությամբ ՌՏԿ, որի մասին այս պահին ոչ մի մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ դեռևս 2014-ի հունվարի կեսերին Իրանը հաղորդել էր Sephehr անունը կրող, շուրջ 2500 կմ ազդեցության հեռավորությամբ ՌՏԿ-ի ստեղծման մասին՝ շեշտելով՝ չի բացառվում առաջիկա ամիսներին այն զինուժի շահագործմանը հանձնվի։
Այնուհանդերձ, Իրանի պաշտպանության նախարարն ընդգծել է՝ իրանցի մասնագետներն արդեն սկսել են 5 նախագծերի հիման վրա ռադիոտեղորոշման կայանների սերիական արտադրություն, 16 նախագծով ստեղծված ռազմական նշանակության այլ սարքերի թողարկման առաջին նմուշներն էլ շուտով պատրաստ կլինեն։ Դրանք նախատեսված են լինելու ռազմածովային և ռազմաօդային ուժերի կարիքների համար։