ՌԴ-ն նախատեսում է մեծացնել արտերկրում իր ռազմաբազաների թիվը

Ռուսաստանը նախատեսում է մեծացնել արտերկրում իր ռազմական բազաների թիվը և բանակցում է Վիետնամի, Կուբայի, Վենեսուելայի, Նիկարագուայի, Սեյշելյան կղզիների և Սինգապուրի հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նախարարը նշել է, որ բանակցությունները բարեհաջող են անցնում, և, հավանաբար, Ռուսաստանը շատ շուտով կանցնի փաստաթղթերի ստորագրմանը։
Սերգեյ Շոյգուն նշել է նաև, որ բանակցություններ են ընթանում ոչ միայն ռազմական բազաների տեղակայման ուղղությամբ, այլ նաև ինքնաթիռների վերալիցքավորման հնարավորությունների մասին։

«Մենք բավական ակտիվ թռիչքներ ենք իրականացնում, բայց այդ թռիչքների համար պետք է լիցքավորման բազաներ ունենալ, որ մեր Իլ-78 ինքնաթիռները սպասեն այլ ինքնաթիռների կամ հասարակածին մոտ, կամ այլ վայրերում»,- շեշտել է Շոյգուն։

Շոյգուն հավելել է նաև, որ Ղրղզստանի տարածքում գործող ռուսաստանյան «Կանտ» ավիաբազան համալրվել է հավելյալ ուժերով, այդ թվում ուղղաթիռներով և դեսանտայիններով։ Իսկ ահա Բելառուսում 2014 թվականին նախատեսվում է կործանիչների գունդ տեղակայել։

Նշենք, որ Ռուսաստանը ռազմաբազաներ և ռազմական օբյեկտներ ունի Հայաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *