Վենեսուելան ուսումնական ուղղաթիռների գնման պայմանագիր է կնքել

Վենեսուելայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել նախկինում ամերիկյան, այժմ չինական Enstrom Helicopter Corporation ընկերության հետ 16 միավոր ուսումնական Enstrom 480B ուղղաթիռների տրամադրման համար։

Ինչպես հետևում է ընկերության պաշտոնական հաղորդագրությունից, ուղղաթիռները կտրամադրվեն առաջիկա 18 ամիսների ընթացքում։
Պայմանագրի արժեքը չի հաղորդվում, սակայն ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Վենեսուելան 16.3 մլն ԱՄՆ դոլար է վճարելու 480B ուղղաթիռների գնելու համար։ Պայմանագիրը ենթադրում է նաև պատվիրող կողմին պահեստամասերի, լրացուցիչ սարքավորումների փոխանցում, տեսուչների և տեխնիկական սպասարկման անձնակազմի վերապատրաստում։
Կողմերն ուղղաթիռների տրամադրման բանակցությունները վարում էին 2013-ի փետրվարից։ Վենեսուելայի ՊՆ-ն ծրագրել է կիրառել ուղղաթիռները ռազմաօդային և ռազմածովային ուժերի օդաչուների վերապատրաստման նպատակով։
Հարկ է նշել, որ 2013-ի հունվարին չինական  Chongqing Helicopter Investment-ը գնել է ամերիկյան Enstrom Helicopters Corporation ընկերությունը։ Հենց այդ ժամանակ էլ ընկերության գործարանների մի մասը տեղափոխվել է Չինաստան՝ Չունցին շրջան, իսկ մյուս մասը մնացել է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Մենոմինի քաղաքում։

Դեռևս պարզ չէ, թե որ ձեռնարկություններն են իրականացնելու Վենեսուելայի պատվերը։
Enstrom 480B ուղղաթիռն առաջին թռիչքը կատարել է 1989-ի հոկտեմբերին, շահագործման է հանձնվել 1993-ին։ Շահագործվում է հիմնականում Էկվատորում, Էստոնիայում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Թաիլանդում։
Երկարությունը 9.09 մ է, բարձրությունը՝ 2.92 մ, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 1293 կգ, արագությունը 200 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 700 կմ։ Կարող է տեղափոխել մինչև 5 ուղևոր կամ մինչև կես տոննա կշռող բեռներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *