Սիրիայում սպանվել է «ալ Կաիդայի» առաջնորդներից մեկը

Սիրիայի Հալեպ քաղաքում փետրվարի 22-ին գրանցված պայթյունի հետևանքով սպանվել է «ալ Կաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը՝ Աբու Հալեդ ալ-Սուրին, որը պետք է բանակցություններ կազմակերպեր Սիրիայի զինյալների մի քանի խմբավորումներին հաշտեցնելու համար։

Աբու Հալեդ ալ-Սուրիի դին

Աբու Հալեդ ալ-Սուրիի դին

Ինչպես հաղորդում է արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը, պայթյունն իրականացրել էր մահապարտ ահաբեկիչը, դրա հետևանքով սպանվել են ևս 5 զինյալներ։
Զինյալների խոսքերով՝ մահապարտ ահաբեկիչը կռվում էր «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» ծայրահեղ իսլամիստական խմբավորման կազմում, որին էլ սպանված առաջնորդը մեղադրում էր Սիրիայի զինյալների շարքերում երկպառակություն սերմանելու համար։
Հիշեցնենք, որ 2014-ի հունվարի սկզբից ի վեր Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածներում արյունալի մարտեր են ընթանում զինյալների տարբեր խմբավորումների միջև։

Ըստ փորձագետների գնահատականների՝ մի կողմը ներկայացնում են «ալ Կաիդայի» հետ սերտ առնչություններ ունեցող «ալ Նուսրայի ճակատ» խմբավորման իսլամիստները, մյուսը՝ շատ ավելի ծայրահեղ գաղափարների կրող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները։
Նկատենք, որ խմբավորումների միջը բախումներն այլևս տեղային չեն, կրում են համատարած բնույթ, ինչի հետևանքով սպանվել է մի քանի հազար ահաբեկիչ։ Բացի այդ, զինյալների ներքին հակասությունները խթանիչ գործոն են հանդիսացել կառավարական ուժերի՝ Հալեպում ավելի վաղ կորցրած հատվածների վերահսկողությունը վերականգնելու համար։
Հավելենք, որ Սիրիայում ներքին հակամարտությունը սկսվել է 2011-ին՝ ցույցերից վերաճելով զինված բախումների։

Կառավարական ուժերը և նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները պնդում են, որ զինյալների խմբավորումներին ռազմական և նյութական աջակցություն է ցույց տալիս Արևմուտքը, իսկ զինյալներն էլ պահանջում են Բաշար Ասադի հրաժարականը։ Հակամարտությանը զոհ է գնացել ավելի քան 150 հազար հոգի, փախստական են դարձել 2 մլն մարդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *