Մեծ Բրիտանիան ստացել է MQ-9 Reaper անօդաչուների վերջին խմբաքանակը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ամերիկյան General Atomics Aeronautical Systems ընկերությունն ավարտել է MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքերի տրամադրման գործընթացը՝ 5 միավորից կազմված վերջին խմբաքանակը փոխանցելով փետրվարի 20-ին։ 

MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ

MQ-9 Reaper ամերիկյան ԱԹՍ

Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, MQ-9 Reaper-ների թիվը բրիտանական օդուժում այսպիսով հասել է 10 միավորի։ Ընդ որում, դրանք բոլորն էլ կիրառվում են Աֆղանստանի տարածքում՝ չնայած որ 2014-ի վերջին բրիտանական ուժերը պետք է դուրս բերվեն այդ երկրից։
ԱԹՍ-ների տրամադրման պայմանագիրը կնքվել էր դեռևս 2010-ին, գործընթացը պետք է ավարտվեր 2013-ին, սակայն ուշացումներ գրանցվելու հետևանքով գործընթացն ավարտին հասցվեց միայն 2014-ի փետրվարին։
Բրիտանական MQ-9 Reaper-ների առաջին խմբաքանակը՝ 5 միավոր, 2007-ից տեղակայված է Աֆղանստանի հարավային Քանդահար նահանգի օդակայանում։ 6 տարվա ընթացքում այս 5 ԱԹՍ-ներից 459 արկեր են նետվել, ինչպիսիք են AGM-114 Hellfire հրթիռներն ու կառավարվող Paveway ավիառումբերը, երկուսն էլ լազերային նշանառության համակարգ ունեն։ Սկզբնական շրջանում Աֆղանստանի տարածքում գործարկվող բրիտանական անօդաչուները սպառազինություն չեն կրել, այլ կատարել են զուտ հետախուզական գործառույթ։
2013-ի ապրիլի վերջին հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիան սկսել է Աֆղանստանում կիրառվող MQ-9 Reaper ԱԹՍ-ների կառավարումն իրականացնել իր տարածքի վերգետնյա կայաններից։
Հավելենք, որ MQ-9 Reaper-ը հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարք է, որն արտադրվում է General Atomics Aeronautical Systems ընկերության կողմից հիմնականում ԱՄՆ ՌՕՈւ, ԱՄՆ ՌԾՈւ, Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ զորամիավորումների համար։
Առաջին թռիչքը կատարել է դեռևս 2001-ի փետրվարին։ Զանգվածային շահագործումը մեկնարկել է 2007-ից։ MQ-9 Reaper-ի երկարությունը 11 մ է, զանգվածը՝ 2.2 տոննա, թևի բացվածքը՝ 20 մ, առավելագույն արագությունը 400 կմ/ժ է, կրեյսերային արագությունը՝ 160 կմ/ժ, թռիչքի առավելագույն ժամաքանակը՝ 24 ժամ, թռիչքի հեռավորությունը՝ 5920 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *