Թուրքիան 109 S-70i Black Hawk ուղղաթիռ կստանա

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ամերիկյան Սիկորսկի ընկերության հետ պայմանագիր է կնքել, որով S-70i Black Hawk ուղղաթիռների համատեղ արտադրություն ու մատակարարում է իրականացվելու։
Թուրքիան առաջին փուլով ձեռք է բերելու 109 T-70 (S-70i Black Hawk-ի թուրքական տարբերակը), ինչի համար էլ վճարելու է 3.5 մլրդ ամերիկյան դոլար, փոխանցում է Defense News ռազմական կայքը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։

S-70i ուղղաթիռը՝ Լեհաստանում

S-70i ուղղաթիռը՝ Լեհաստանում

Թուրքիան բազմանպատակային ուղղաթիռներ ձեռք բերելու մրցույթը հայտարարել էր դեռ 2011 թվականին։ Ամերիկյան Սիկորսկի ընկերության հետ մրցույթին մասնակցում էր նաև իտալական AgustaWestland ընկերությունը, որը թուրքերին առաջարկում էր AW149-ի հիմքի վրա արտադրվող TUHP149 ուղղաթիռները։
Թուրքիայում որոշել են ընտրել Սիկորսկի ընկերությունը, որի արտադրած ուղղաթիռները երկար տարիներ շահագործում են թուրքական զինուժում։ Թուրքիան նախատեսում է համատեղ հավաքված 109 ուղղաթիռները ստանալուց հետո նոր խմբաքանակներ գնել։
Առաջնային Թուրքիայում նոր ուղղաթիռներով զինելու են ժանդարմերիան։ Դրանցից ստանալու է Թուրքիայի ինչպես ցամաքային զորքերը, այնպես էլ ռազմաօդային և ռազմածովային ուժերն ու այլ կառույցներ։
Ժանդարմերիային բաժին է հասնելու 30 T-70, 6-ական՝ ռազմաօդային և ռազմածովային ուժերին, 20՝ ցամաքային զորքերին, 11՝ հատուկ նշանակության ուժերին։ Եվս 20 ուղղաթիռ տրամադրվելու է Թուրքիայի բնական ռեսուրսների և անտառների նախարարությանը։
Թուրքիայից ինքնաթիռների համատեղ արտադրությանը մասնակցելու է TAI ավիաշինական ընկերությունը, Aselsan, ALP Aviation ընկերությունները, ինչպես նաև շարժիչներ արտադրող TEI ձեռնարկությունը։ Որոշ մասեր տրամադրելու է Սիկորսկիի՝ Լեհաստանում տեղակայված գործարանը։
T-70 ուղղաթիռը S-70-ի արդիականացված և Թուրքիայի զինված ուժերի պահանջներին համապատասխանեցված տարբերակն է։ Այն ունակ է զարգացնել մինչև 295 կմ/ժ արագություն և 2 200 կմ հեռավորությամբ թռիչքներ իրականացնել։ Ուղղաթիռը կարող է տեղափոխել մինչև 11 զինծառայող կամ 4 տոննա բեռ։ T-70 զինված է թնդանոթով, գնդացիրներով, ինչպես նաև կառավարվող և չկառավարվող հրթիռներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *