Ադրբեջանում 2014-ի սեպտեմբերի 11-13-ը կայանալիք ADEX-2014 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցելու է նաև Թուրքիան, որը ներկայացնելու են ավելի քան 20 ընկերություններ:
Թուրքիայի ռազմարդյունաբերական նախարարության քարտուղարության միջազգային համագործակցության վարչության պետ Յաղուբ Դաշդելենը հայտարարել է, որ Թուրքիայի տաղավարն ամենամեծն է լինելու՝ զբաղեցնելով 1400 մ² տարածք: Ընդ որում, ներկայանալու են այնպիսի խոշոր ռազմարդյունաբերական կազմակերպություններ, ինչպիսիք են Aselsan, Roketsan, Havelsan, MKE, Otokar, STM, FNSS, Dearsan, TAI, Sarsılmaz ընկերությունները:
Ոչ պաշտոնական աղբյուրների տվյալներով՝ ցուցահանդեսին ներկա են լինելու Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը, ինչպես նաև Թուրքիայի ԶՈւ այլ բարձրաստիճան զինվորականներ:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մասնակցել է 2013-ի մայիսի 7-10-ը Ստամբուլում կայացած IDEF-2013 ցուցահանդեսին՝ ներկայացնելով սեփական արտադրության Mübariz («Մուբարիզ») դիպուկահար հրացանը, «Գյուրզա» («Gürzə») պարեկային մեքենան և այլ արտադրանքներ: