Գանձակի կենտրոնի զորամասերը տեղափոխվելու են քաղաքից դուրս

Ներկայիս Ադրբեջանի Գանձակի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Էլմար Վելիևը 2013-ն ամփոփող նստաշրջանի ընթացքում հայտարարել է՝ Գանձակ (ադրբեջաներեն՝ Գյանջա) քաղաքի կենտրոնում տեղակայված զորամասերը տեղափոխվելու են քաղաքից դուրս։

Վելիևը շեշտել է, որ նման որոշումը կայացվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի համապատասխան հրամանագրի հիման վրա։

«Ներկա դրությամբ Գանձակ քաղաքում ավելի քան 1000 հա տարածք զբաղեցնում են Ադրբեջանի զինված ուժերի զորամասերը, դրանց տեղափոխությունից հետո տարածքը տրվելու է քաղաքապետարանին, այնուհետև որոշում կկայացվի, թե ինչ է կառուցվելու այդ տարածքում։ Կարծում եմ՝ բազմահարկ շինություններ կկառուցենք»,-ընդգծել է Վելիևը։

Նկատենք, որ Վելիևը չի մանրամասնել՝ արդյոք զորամասերը վերակազմավորվելու են և թե երբ է մեկնարկելու տեղափոխման գործընթացը։

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը 2014-ի հոկտեմբերից պաշտոնը ստանձնելուց ի վեր առնվազն 4 անգամ այցելել է Գանձակ՝ հանդիպումներ և խորհրդակցություններ ունենալով տեղի զորամասերի հրամանատարական կազմի հետ։

Ճիշտ է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ չի մեկնաբանել տեղեկությունը, սակայն այն թերևս իրականություն է, քանի որ դեռևս 2013-ի նոյեմբերի վերջից լուրեր էին տարածվել՝ նախարարի այցերի արդյունքում Շամխորի երրորդ բանակային կորպուսում, որի կազմում են Գանձակի զորամասերը, վերակազմավորումներ են սպասվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *