Թուրքիայի զինված ուժերից շարունակում են մեծ թվով օդաչուներ հեռանալ, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում Անկարայի համար։ Հայտի է դարձել, որ օրերս Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմը լքելու դիմում է ներկայացրել 74 օդաչու։ Վերջիններս հրաժարվել են երակարաձգել պայմանագրերը և հեռացել են զինված ուժերի շարքերից, տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։
Զինծառայողների դժգոհության պատճառն է ծառայության պայմաններն ու Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությունը։ Մասնավորապես, թուրք ռազմական օդաչուները դժգոհ են պարտադիր ծառայության պայմանագրի ժամկետներից։ Ներկայում թուրքական բանակում կադրային սպաների համար պարտադիր ծառայություն է սահմանված 10 տարին։
Նշենք, որ սա Թուրքիայի զինված ուժերում վերջին ամիսներին օդաչուների զանգվածային հեռանալու միակ դեպքը չէ։ Նախկինում ևս մեծ թվով օդաչուներ են լքել թուրքական օդուժը, ինչը խնդիրներ է ստեղծում Անկարայի համար, քանի որ նոր օդաչուների պատրաստման համար ժամանակ և ռեսուրս է պետք։
Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հրապարակած տվյալների համաձայն՝ վերջին երկու տարիներին Թուրքիայի ռազմաօդային ուժերի շարքերը լքել է շուրջ 300 օդաչու։ Թուրքական զինուժը ներկայում F-16 և F-4 մարտական ինքնաթիռների օդաչուների պակաս է զգում։