Տուպոլև ընկերությունը կնախագծի հեռավոր ավիացիայի նոր համալիր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Տուպոլև ընկերության հետ հեռավոր ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրի նախագծման պայմանագիր է կնքել։ Համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2013-ին, իսկ ծրագրի ֆինանսավորումն արդեն սկսված է։Այս մասին Ինտերֆաքս լրատվական գործակալությանը հայտնել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ավիացիոն արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Բոգինսկին։

հեռվոր ավիացիայի Տու-160 ռմբակոծիչ. Ռուսաստանի ՌՕՈւ

հեռվոր ավիացիայի Տու-160 ռմբակոծիչ. Ռուսաստանի ՌՕՈւ

Հայտնի է, որ նոր նախագծի համալիրն ընդգրկվելու է Ռուսաստանի՝ 2016-2025 թվականների սպառազինման պետական ծրագրում։ 2013-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ հեռավոր ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրի փորձարկման աշխատանքները կմեկնարկեն 2019-ին։

Նախագծվող ինքնաթիռը դասվել է ավիացիոն համալիրի շարքին, քանի որ դրանից պահանջվելու է ոչ թե մեկ տեսակի գործառույթի իրականացում, այլ արդեն գոյություն ունեցող, ինչպես նաև հեռանկարային բոլոր տեսակի ավիացիոն զինատեսակների կիրառման ունակություն։

ՌԴ ԶՈւ հեռավոր ավիացիայի հրամանատար Անատոլի Ժիխարյովի խոսքերով, նախատեսվում է, որ ռազմաօդային ուժերը (ՌՕՈւ) հեռավոր ավիացիայի հեռանկարային համալիրի առաջին նմուշները պետք է ստանա արդեն 2025-ին, որոնք կփոխարինեն ներկայումս սպառաինությունում առկա Տու-160, Տու-95ՄՍ և Տու-22Մ3 (ռուս.՝ Ту-160, Ту-95МС և Ту-22М3) ռմբակոծիչները։

Հավելենք, որ հեռավոր ավիացիայի հեռանկարային ավիացիոն համալիրի ստեղծման իրավունքը ստանալու համար պետական մրցույթին իրենց հայտերն էին ներկայացրել ավիաշինական մի քանի ընկերություն, սակայն ՌԴ զինված ուժերի ՌՕՈւ հրամանատարությունը նախապատվությունը տվեց հենց Տուպոլև ընկերությանը։

Նշենք նաև, որ նախագծվող համալիրի տեխնիկական տվյալներն առայժմ գաղտնի են։ Հայտնի է միայն, որ մեծ ուշադրություն է դարձվելու այն տեխնոլոգիաներին, որոնք հնարավորություն կտան ինքնաթիռին հնարավորինս աննկատ լինել հակառակորդի ռադիոտեղորոշիչ կայանների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *