ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը ժամանակավորապես հեռացրել է 30 տեսուչների, որոնք կասկածվում են քննությանն արտագրելու համար: Միջադեպը գրանցվել է Չարլսթոն քաղաքի միջուկային էներգետիկայի ուսումնական կենտրոնում:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ԱՄՆ ՌԾՈւ հրամանատարությունն ունի ապացույցներ, որ տեսուչները որակավորման քննության ժամանակ միմյանց պատասխաններ են հուշել:
Նշենք, որ քննության բարձր գնահատականների արդյունքում տեսուչները պետք է որ իրավասություն ստանային ուսումնական միջուկային ռեակտորները սպասարկելու, ինչպես նաև ապագա նավաստիներին դրանք կիրառելու հմտությունները սովորեցնելու:
Արտագրության մասին հայտնի է դարձել, երբ քննություն հանձնած զինծառայողներից մեկը ղեկավարությանը հայտնել է կանոնների խախտման մասին:
Ներկա դրությամբ ՌԾՈւ-ում ստուգումներ են մեկնարկել, որոնց ավարտին պարզ կլինի՝ ովքեր են մեղավոր և ինչ պատասխանատվության են ենթարկվելու:
Հիշեցնենք, որ արտագրության դեպքերն ԱՄՆ զինուժի շարքերում վերջին շրջանում եզակի չեն: Փետրվարի սկզբին ԱՄՆ ռազմաօդային ուժերը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով միջուկային զորքերի 92 սպաների հեռացման մասին, որոնք կարճ հաղոդագրություններով միմյանց պատասխաններ էին փոխանցել որակավորման քննություն հանձնելիս: