Եգիպտոսը Գերմանիայից կգնի ևս երկու սուզանավ

Եգիպտոսը մտադիր է Գերմանիայից գնել Type 209 նախագծի երկու սուզանավ: Ավելի վաղ այդ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր այդ նախագծի ևս երկու  սուզանավի ձեռքբերման մասին: Այս մասին հայտնում է Jane’sռազմական հանդեսը:

Առայժմ հայտնի չէ, թե երբ կմատակարարվեն լրացուցիչ երկու սուզանավերը, սակայն նշվում է, որ պատվերն ընդունող կողմը, ամենայն հավանականությամբ, կլինի գերմանական Thyssen Krupp Marine Systems նավաշինական ընկերությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2011-ի սեպտեմբերին Եգիպտոսը կնքել է երկու սուզանավի գնման պայմանագիր, որի արժեքը կազմել է շուրջ 1,2 միլիարդ ամերիկյան դոլար:

Ակնկալվում էր, որ այդ սուզանավերից առաջինը Եգիպտոս կհասնի արդեն 2016-ին: Այն համալրված է լինելու տորպեդներով և UGM-84 Harpoon Block II հականավային թևավոր հրթիռներով: Վաճառքի պայմանագիրը, որը ներառում էր նաև սուզանավի սպառազինության տեսակը, արժանացել էր Գերմանիայի կառավարության հավանությանը 2012-ի դեկտեմբերին, սակայն նշենք, որ այդ գործարքին տևական ժամանակ դեմ էր արտահայտվում Իսրայելը, որը նշում էր, թե Եգիպտոսին նման սուզանավերի տրամադրումը սպառնում է իր անվտանգությանը:

Նշենք, որ Type 209 նախագծի էլեկտրադիզելային շարժիչներով սուզանավի անձնակամզը 36 հոգանոց է: Այն կարող է սուզվել առավելագույնը 500 մետր խորության վրա: Սուզանավի արշավային երթի պաշարը 50 օր է:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *