Կանադացի գեներալին Աֆղանստանում մեղադրում են զենքի ապօրինի շրջանառության համար

Աֆղանստանում կանադական խաղաղապահ ուժերի նախկին հրամանատար Դանիել Մենարին կասկածում են զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության համար։ Պաշտոնաթող գեներալին ձերբակալել են հունվարի 10-ին, սակայն աֆղանական իշխանությունների հետ նրա հակասությունների մասին հայտնի է դարձել միայն վերջերս։

Դանիել Մենար

Դանիել Մենար

Ինչպես հաղորդում է կանադական The Toronto Times պարբերականը, Աֆղանստանի ՆԳՆ-ն Մենարին մեղադրում է Աղֆանստան ապօրինի կերպով 129 հատ ինքնաձիգ և 148 հատ ռազմական ռադիոկայան ներմուծելու համար, ընդ որում՝ ոստիկանությունը պնդում է, որ կանադացի գեներալը համապատասխան թույլտվություն չի ունեցել։

Նկատենք, որ Մենարը ղեկավարում էր զենքերի ներմուծման գործընթացը որպես Garda World միջազգային պարեկային ընկերության տարածաշրջանային ներկայացուցիչ, որն աշխատում է Աֆղանստանում ԱՄՆ կառավարության պատվերով։

Garda World-ից արդեն արձագանքել են կատարվածին՝ հայտարարելով, որ «թյուրիմացություն է եղել, կանադացի գեներալին շուտով ազատ են արձակելու», քանի որ ընկերության ներկայացուցիչները ներկա դրությամբ բանակցում են Աֆղանստանի իշխանությունների հետ։

Հավելենք, որ 2010-ին բրիգադային գեներալի զինվորական կոչմամբ Մենարը ղեկավարում էր Աֆղանստանում կանադական խաղաղապահ ուժերի գործողությունները։ Նրա ռազմական գործունեությունը կասեցվեց, երբ հայտնի դարձավ, որ նա անձնական կապեր է ունեցել իր ենթակա զինծառայողներից մեկի հետ։ Դրանից հետո գեներալը սկսեց աշխատել Garda World ընկերությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *