«Ինսթիգեյթն» ազատ տնտեսական գոտում կարտադրի անօդաչու թռչող սարքեր

«Ինսթիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունը ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում անօդաչու թռչող սարքերի արտադրման թույլտվություն ստացավ։

«Ազատ տնտեսական գոտի գնացինք, քանի որ մեր բիզնես մոդելը հիմնված է արտահանման վրա։ Մենք գործ ունենք ապրանքների ներմուծման և արտահանման հետ, իսկ այսպես մեր գործընթացն ավելի հեշտ կլինի։ Մենք անօդաչուների արտադրություն ենք ունենալու։ Սրա առանձնահատկությունն այն է, որ տալու ենք ծրագրային լուծումներ, որոնք հիմնված են «Ինսթիգեյթի» և «Ինսթիգեյթ մոբայլ»-ի ծրագրային փորձի վրա»,-Ռազմինֆոյի հետ զրույցում նշեց «Ինսթիգեյթ Ռոբոտիքս» ընկերության տնօրեն Ռուբեն Օսիպյանը։

ԱԹՍ-ների առումով ընկերությունը գործելու է ծրագրային լուծումների մշակման ոլորտում։ Այսինքն՝ մշակելու են լուծումներ, որի միջոցով հնարավոր է կառավարել ԱԹՍ-ն։

Ըստ Օսիպյանի՝ սրանք գյուղատնտեսական, կրթական և քաղաքացիական նպատակների իրագործմանն են ուղղված։ Լուծումը հիմնված է L-1 ալգորիթմի վրա, ինչն էլ հնարավորություն է տալիս ապահովել ԱԹՍ-ի կայունությունը։

Արտադրանքն արտահանելու մասին Ռուբեն Օսիպյանը նշում է, որ քանի որ անօդաչուների շուկան կենտրոնացված է ԱՄՆ-ում, որոշ չափով Եվրոպայում և ասիական երկրներում, հիմնականն այնտեղ կարտահանվի, չնայած աշխատելու են նաև ԱՊՀ երկրների հետ, քանի որ այնտեղ էլ կապեր կան։

«Այս պահին մենք կենտրոնացված ենք երկու ուղղությունների վրա՝ գյուղատնտեսական և կրթական։ Կրթականն էլ պայմանավորված է նրանով, որ արտասահմանյան համալսարանները հետաքրքրված են դրանով, իսկ գյուղատնտեսությունն էլ հետաքրքրում է ԱՄՆ-ի շուկային»,- նշում է Ռուբեն Օսիպյանը։
Ընկերությունն ակնկալում է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրատեսակների արտահանումը կապահովի 1,9 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք։

Բացի այդ, ընկերությունը բանակցում է ներդրողների հետ անօդաչուների ավտոմատ կառավարման համակարգի նախագծման համար ներդրումներ ներգավելու վերաբերյալ։ Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման շրջանակում օտարերկրյա ներդրումային հիմնադրամներից ներգրավվելու է 300 000-500 000 ԱՄՆ դոլարի ներդրում:

Արտադրության հիմնադրման արդյունքում կստեղծվի 15-25 գիտատար աշխատատեղ, որի միջին ամսական աշխատավարձը կկազմի 500-600 հազար դրամ։

Ռուբեն Օսիպյանը հավաստիացնում է, որ եթե ընկերությունները մեծ տեղ տան Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ավտոմատ կառավարման համակարգերի ամբիոնի շրջանավարտներին, ապա փոխգործակցությունն ավելի լավ մակարդակի վրա կհայտնվի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *