Հունվարի 28-ից Հայաստանում էր Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Երկօրյա այցի ընթացքում ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014 թվականի ծրագիրը։
Վրացական պատվիրակությունը մասնակցել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ: Վրաստանի ՊՆ պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպումներին քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև առկա համագործակցության մակարդակը ընդլայնելու հնարավորությունները, քննարկվել են նաև բազմակողմ շրջանակներում համագործակցության հեռանկարները։
Այցի ընթացքում կողմերն ստորագրել են Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2014 թվականի ծրագիրը։
Ծրագիրը ներառում է ինչպես կողմերի տարբեր մակարդակների պատվիրակությունների փոխադարձ այցելություններ, այնպես էլ համագործակցություն ու փորձի փոխանակում պաշտպանական քաղաքականության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, ռազմական կրթության, ռեսուրսների կառավարման և այլ բնագավառներում։