Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը ստորջրյա ռոբոտ են կորցրել

Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերն ընդունել են իրենց պատկանող ստորջրյա ռոբոտի կորստի փաստը, որի արժեքը մոտ 5 մլն ԱՄՆ դոլար է։ Ռոբոտի կառավարումը ճապոնացիները կորցրել էին դեռևս 2013-ի նոյեմբերին։

Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Ճապոնիայի պաշտպանության նախարարության հաղորդագրությանը, ռոբոտին կորցրել են վերջինիս նավին ամրացնող մալուխի վնասվելու հետևանքով։

Նկատենք, որ հաղորդագրության մեջ ոչինչ չի նշվում ռոբոտի մոդելի մասին։ Հայտնի է միայն, որ այն ունի 3 մ երկարություն, 2 մ լայնություն, մոտ 5 տոննա զանգված։ Ռոբոտը հիմնականում կիրառում էին Սանգարի նեղուցու ջրի ջերմաստիճանի և հատակի ռելիեֆի ստուգման համար։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ռոբոտը կառավարվում էր «Նիտինան» անունը կրող հետախուզական նավից։ Սա ըստ երևույթին մոտ է իրականությանը, քանի որ «Նիտինանը» ճապոնական նավատորմի միակ նավն է, որը հարմարեցված է հետախուզական ստորջրյա սարքեր կառավարելուն։

Նկատենք, որ ստորջրյա ռոբոտները ներկայումս կիրառում են տարբեր երկրների պաշտպանական գերատեսչություններ։ Դրանք հիմնականում օգտագործվում են հակառակորդ պետության կամ հարևան երկրների սուզանավերի շարժը ստույգ արձանագրելու նպատակով, բացի այդ ականադաշտերի հայտնաբերման, ռազմածովային  կայաններ մուտքի հսկման համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *