Ուկրաինական զրահափոխադրիչները հաղթել են Ինդոնեզիայի հայտարարած մրցույթում

Ինդոնեզիայի հայտարարած զրահափոխադրիչների գնման մրցույթի արդյունքների համաձայն՝ Ուկրաինան 2014-ի առաջին երեք ամիսների ընթացքում Ինդոնեզիային կտրամադրի 5 ԲՏՌ-4 զրահափոխադրիչ։

Առաջին խմբաքանակից հետո ուկրաինական կողմը նախատեսում է կնքել հիմնական պայմանագիրը, որով Ինդոնեզիային կվաճառի 55 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ։ Այս մասին հայտնում է ուկրաինական Ուկրօբորոնպրոմ պետական ռազմարդյունաբերական ընկերությունը։

Ուկրաինական կողմը նախատեսում է 55 զրահափոխադրիչներն Ինդոնեզիայի ռազմածովային ուժերին հանձնել 2015-2019 թվականներին։ Ենթադրվում է, որ ԲՏՌ-4 զրահափոխադրիչները կփոխարինեն Ինդոնեզիայի զինված ուժերի սպառազինության մեջ առկա ԲՏՌ-50 արդեն հնացած զրահափոխադրիչներին։
Նշենք, որ Ինդոնեզիան վերջերս ձեռք է բերել նաև ռուսաստանյան արտադրության 37 ԲՄՊ-3Ֆ հետևակի մարտական մեքենաներ, որոնք կկիրառի Ինդոնեզիայի ծովային հետևակը։

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնք արտադրում է Ուկրաինան, նախատեսված են դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար։ Զրահափոխադրիչներն արտադրվում են 2008-ից, իսկ սպառազինության վերցվել են 2011-ին։ Ներկայումս 88 նման զրահափոխադրիչ առկա է նաև Իրաքի սպառազինության մեջ, իսկ Ուկրաինայի ու Իրաքի միջև կնքված պայմանագրով նախատեսված ևս 42 միավոր զրահափոխադրիչներից Իրաքը վերջերս հրաժարվեց։
ԲՏՌ-4 զրահափոխադրիչները զինված են 30 մմ ակոսավոր թնդանոթով, 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև Բարյեր հակատանկային կառավարվող հրթիռներով ու 30 մմ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետով։ Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել 7 դեսանտային։ Այն լողում է, ունի 500 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով խճուղում զարգացնում է մինչև 110 կմ/ժ արագություն։

One response to “Ուկրաինական զրահափոխադրիչները հաղթել են Ինդոնեզիայի հայտարարած մրցույթում

  1. Pingback: Ինդոնեզիան հրաժարվել է ուկրաինական 50 միավոր զրահափոխադրիչներից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *