Հարավային Կորեան և ԱՄՆ-ն կանցկացնեն համատեղ զորավարժություն

Հարավային Կորեայի իշխանություները պաշտոնապես տեղեկացրել են Չինաստանին և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը՝ ԱՄՆ-ի հետ անկացվող համատեղ զորավարժության մասին։ Key Resolve (թարգմանաբար՝ առանցքային լուծում) անվանումը ստացած համատեղ զորավարժությունը մեկնարկելու է ընթացիկ տարվա փետրվարի վերջին և տևելու է շուրջ երկու շաբաթ։ Այս մասին տեղեկացնում է հարավկորեական Yohap News լրատվական գործակալությունը։

ԱՄՆ և Հարավային Կորեայի զինծառայողներ

ԱՄՆ և Հարավային Կորեայի զինծառայողներ

Զորավարժությունը միտված է բարձրացնելու հարավկորեական և ամերիկյան բանակների համագործակցության աստիճանն ու զսպելու Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության (ԿԺԴՀ)  հնարավոր ագրեսիան։ Հարավկորեական կողմը հաղորդել է նաև մանրամասներ զորավարժության ծավալների մասին։ Ըստ այդմ, զորավարժությունը ծավալվելու է հիմնականում Հարավային Կորեային ջրային սահմանների մերձակայքում։ Ներգրավվելու են հրթիռային հածանավեր, սուզանավեր և ականակիր նավեր, սակայն ի տարբերություն նախորդ տարիներին անցկացված համատեղ զորավարժությունների, այս տարի դրանցում ներգրավված չեն լինելու ամերիկյան ավիակիրներն ու ստրատեգիական ռմբակոծիչները։

ԿԺԴՀ-ն բացասաբար է արձագանքել զորավարժության անցկացման վերաբերյալ այս ծանուցմանը և պնդում է, որ այն ուղղված է ամերիկյան և հարավկորեական ուժերի՝ ԿԺԴՀ ներխուժման նախապատրաստմանը։ Սակայն զորավարժություն անցկացնող կողմերը հայտարարում են, որ այն կրում է բացառապես պաշտպանողական բնույթ։

Ավելի վաղ հարավկորեական իշխանությունները հայտարարել էին, որ զորավարժության ակտիվ փուլին հետևելու հնարավորություն կընձեռվի Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Ճապոնիայի դեսպանությունների ռազմական կցորդներին։

Հավելենք, որ Հարավային Կորեայում առկա է ամերիկյան 28 500 հոգանոց ռազմական ներկայություն, ինչը միտված է երկիրը ԿԺԴՀ-ի հնարավոր ագրեսիայից պաշտպանելուն։ Հիշեցնենք նաև, որ կորեական երկու հանրապետությունների միջև հարաբերությունները լարված բնույթ են կրում 1950-1953 թվականների կորեական պատերազմից ի վեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *