Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին ավարտում է ռազմական օդաչուի կարիերան, սակայն շարունակելու է ծառայությունը զինված ուժերում։ Առաջիկա շաբաթներին նրան կտեղափոխեն Լոնդոն՝ նոր ծառայության։ Ինչպես նշում է ամերիկյան Skynews հեռուստաընկերությունը, այս մասին հայտել են Քենսինգթոնյան պալատից։ Նշվում է, որ նա զբաղվելու է զինվորականների մասնակցությամբ տոնակատարությունների կազմակերպմամբ։
Արքայազն Հարրին վերջին վեց տարիների ընթացքում ընդհատումներով ծառայություն է անցել Աֆղանստանում։ 2008-2009 թվականներին նա ծառայել է որպես համազորային, սկայան 10 շաբաթ անց բրիտանական լրատվամիջոցները հրապարակեցին այն ռազմաբազայի անունը, որտեղ գտնվում է արքայազն Հարրին։ Հրապարակումներից հետո արքայազնը ստիպված եղավ վերադառնալ հայրենիք՝ իրեն և իր ծառայակիցներին թշնամու հարձակման թիրախ չդարձնելու համար։
Սակայն դրանով արքայազն Հարրիի առաքելությունն Աֆղանստանում չավարտվեց։ Նա բազմիցս ցանկություն էր հայտում վերադառնալ և 16-ամսյա վերապատրաստման դասընթացներն անցնելուց հետո՝ ստանալով AH-64 Ապաչ (անգլ.՝ Apache) հարվածային ուղղաթիռի օդաչուի որակավորում, կրկին գործուղվեց Աֆղանստան, որտեղ մասնակցեց նաև մարտական առաջադրանքների կատարմանը։
Հավելենք` շտաբային ծառայության անցնելուց հետո արքայազն Հարրին կպահպանի իր կապիտան զինվորական կոչումը։