Օբաման արգելել է լրտեսել դաշնակից երկրների ղեկավարներին

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) այլևս չի հետևելու ԱՄՆ-ի դաշնակից երկրների ղեկավարների հեռախոսազանգերին ու էլեկտրոնային փոստերին, եթե ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող հաստատված պատճառ չլինի։

Այս մասին Օբաման հայտնել է հատուկ ծառայության բարեփոխումների ծրագրի դրույթները ներկայացնելիս։ Ըստ բրիտանական Ռոյթերս գործակալության՝  ցուցակի մեջ կմտնեն ԱՄՆ դաշնակից մոտ 10 երկրների ղեկավարներ։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամա

Միևնույն ժամանակ նախագահն ավելացրել է, որ ԱԱԳ-ն շարունակելու է հետևել այլ երկրների ղեկավարներին ու չի պատրաստվում է ներողություն խնդրել դրա համար։ ԱԱԳ-ն ամեն տարի թարմացնելու է իր աշխատանքի առաջնահերթությունները։

Օբաման նշել է նաև, որ հատուկ ծառայությանը հրահանգել է ԱՄՆ քաղաքացիներին հետևելուց առաջ դրա համար դատարաններից թույլտվություն ստանալ։ Ըստ նրա՝ սա պիտի բարձրացնի ԱՄՆ քաղաքացիների վստահությունը սեփական անվտանգության նկատմամբ։ Չնայած դրան՝ ԱԱԳ-ն շարունակելու է հետևել ահաբեկչական կազմակերպությունների հեռախոսահամարներին՝ մինչև 2 քայլ նախկին 3-ի փոխարեն։

Հավելենք, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների վերաբերյալ աղմուկ բարձրացավ 2013-ին, երբ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ու ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013-ի ամռան սկզբին բրիտանական The Guardian-ին ու մի շարք առաջատար լրատվամիջոցների էր փոխանցել ամերիկյան հատուկ ծառայությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր։ Նա մասնավորապես հանրության համար բացահայտել էր PRISM կոչված հետախուզական ծրագիրը, որը թույլ էր տալիս արդյունավետ կերպով տեղեկություններ կուտակել համացանցային օգտատերերի ու բջջային կապի բաժանորդների մասին։

Հետագայում պարզվեց, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևում են նաև այլ երկրների ղեկավարների հեռախոսազանգերին ու էլեկտրոնային նամակագրությանը, ինչի արդյունքում սառեցին ԱՄՆ-ի ու նրա մի քանի դաշնակիցների, մասնավորապես՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի միջև հարաբերությունները։

Ըստ Սնոուդենի՝ տեղեկությունների հավաքագրման այդ համակարգը կիրառվում է օրենքից դուրս, բայց համաշխարհային մակարդակով հայտնի համացանցային ու բջջային կապի ընկերությունների ներքին համաձայնությամբ։ Սնոուդենը, բացի ամերիկյան գաղտնի փաստաթղթերից, տեղեկություններ է հրապարակել վերջիններիս եվրոպական ծառայակիցների հետ համագործակցության վերաբերյալ։

ԱՄՆ կառավարությունն ընդունել է անվտանգության ծառայությունների աշխատանքի անօրինականությունը՝ նշելով, որ որոշ դեպքերում չափն անցել է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *