Ադրբեջանի ՊՆ-ն հնարավոր է՝ վաճառել է Բաքվի զորամասերից մեկը

Հայտնի է դարձել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի իրազեկության պայմաններում Բաքվում՝ պաշտպանության նախարարության շենքին մոտ տեղակայված զորամասը վաճառվել է շինարարական ընկերությանը։

Այս մասին հաղորդում է ադրբեջանական axar.az լրատվակայքը։

Որպես հաստատում իր ունեցած լուրերին՝ կայքը մեջբերում է Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկի՝ Ուզեիր Ջաֆարովի խոսքերը։ Վերջինս պնդում է, որ ունի փաստարկներ լուսանկաների, տեսագրության ու վկայությունների տեսքով: Բացի այդ, հետևելու է՝ երբ արդեն վաճառված զորամասի տարածքում շինարարություն սկսվի, հանրությունը կտեղեկացնի այդ մասին։

Նկատենք, որ երեկ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Բաքվում տեղակայված 3 զորամասեր վերակազմավորվել էին, իսկ թե ինչ է ենթադրում այդ գործընթացը, այս պահի դրությամբ հայտնի չէ։

Ուշագրավ է այն, որ ժամեր առաջ, երբ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց՝ զգուշացնելով լրատվամիջոցներին չստուգված ու չհաստատված տեղեկություն չտարածել, axar.az-ը հեռացրեց հրապարակումը, սակայն ադրբեջանալեզու մի շարք կայքեր, հղում անելով azar.az-ին, արդեն իսկ տարածել էին այս լուրը։

Ներկա դրությամբ բարդ է ասել՝ որքանով է հավաստի այս տեղեկությունը։

Ադրբեջանի ՊՆ-ն այս պահի դրությամբ չի արձագանքել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *