Հայրենասիրական դաստիարակության միջոցառումների ամփոփում

Հունվարի 17-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվեց երիտասարդության հայրենասիրական դաստիարակության բնագավառում 2013 թվականի ընթացքում իրականացված միջոցառումների ամփոփմանը նվիրված ընդլայնված նիստ։Նիստին մասնակցում էին Հայաստանի մի շարք գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչներ:

Ամփոփվել են հայրենասիրական դաստիարակության բնագավառում իրականացված միջոցառումները

Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացված հայրենասիրական դաստիարակության խնդիրներին նվիրված խորհրդակցությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, մշակույթի, արտակարգ իրավիճակների, սփյուռքի, առողջապահության նախարարները, ՀՀ ոստիկանապետը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալները:

Պաշտպանության նախարարը կարևորեց հայրենասիրական դաստիարակության մակարդակի բարձրացմանը միտված նմանաբնույթ` արդեն ավանդական դարձած հանդիպումները, որոնք անհրաժեշտ են աշխատանքները համակարգելու առումով, առավել ևս` հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին սպառնալիքները: Նախարարն ընդդծեց նաև հայրենասիրական դաստիարակության համատեքստում երիտասարդությանը մեր հերոսների կյանքին և գործունեությանը ծանոթացնելու, նրանց օրինակով սերունդներ դաստիարակելու անհրաժեշտությունը:

«Երիտասարդների հայրենասիրական դաստիարակության գործընթացին ակտիվորեն ներգրավվում են ավելի մեծ թվով շահագրգիռ կառույցներ։ Մի քանի նախարարությունների մասնակցությունը համագործակցության ապացույցն է։ Միայն պաշտպանության նախարարության ուժերով էական առաջընթաց չենք կարող արձանագրել»,-նշեց Օհանյանը:

Հաշվետու զեկույցով հանդես եկավ և հայրենասիրական դաստիարակության ոլորտում 2013 թվականին պաշտպանական գերատեսչության կողմից իրականացված միջոցառումներն ու ընդունված որոշումները, առկա բացթողումները շտկելուն միտված նախաձեռնություններն ու առաջարկները ներկայացրեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ, ՔՀԾ առաջին դասի պետական խորհրդական Վարդան Ավետիսյանը:

Նշվեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ մշակվել է «Հայրենասիրական դաստիարակության 2014-2019-ին. պետական ծրագրի և միջոցառումների ցանկի» նախագիծը, հաջողությամբ իրականացվում է նաև «Հայաստանի Հանրապետության երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ի ռազմավարությունը և Հայաստանի երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017-ի ռազմավարության միջոցառումների ծրագիրը»:

Ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանական գերատեսչության կողմից հայրենասիրական դաստիարակության ասպարեզում իրականացված քայլերին, ապա 2013 թվականին իրականացված 21 խոշոր ծրագրերին և 70 առավել թիրախային միջոցառումներին ներգրավվել են 150 դպրոցների, քոլեջների և հանրակրթական ուսումնական այլ հաստատությունների 5.800 սաներ: «Մայր Հայաստան» զինվորական թանգարան և «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել մայրաքաղաքի և մարզերի 120 ուսումնական հաստատությունների շուրջ 11.000 սաներ առանձին պլաններով հանրակրթական ուսումնական հաստատությունների հետ կազմակերպվել են միջոցառումներ` նվիրված Հայաստանի Ազգային հերոսների, անվանի զորահրամանատարների ծննդյան տարեդարձերին և զոհված ազատամարտիկների հիշատակին:

Բացի այդ պաշտպանության նախարարության միջոցներով գնվել և դպրոցներին են փոխանցվել «Մենամարտ» վարժասարքեր, վերանորոգվել են բազմաթիվ մարզահրապարակներ և հրաձգարաններ:

Որպես մտահոգիչ փաստ ներկայացվեց երիտասարդության շրջանում իրականացված սոցիալական հարցման արդյունքը, որի համաձայն հարցվողների մեծ մասը` 57.5 տոկոսը, նշել է, որ չունի իդեալ և չի ուզում ոչ ոքի նմանվել: Այսինքն` վերջիններս չեն ոգեշնչվում մեր հերոսների, գիտնականների և ընդհանրապես որևէ գործով հայտնի մարդու արարքներով և չեն ցանկանում նրանց նմանությամբ հայրենանվեր գործերի հեղինակ լինել, ասել է թե` չեն առաջնորդվում նրանց գաղափարներով:

Զեկույցներով հանդես եկան նաև հայրենասիրական դաստիարակության ոլորտում ընդգրկված տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրեցին իրենց կողմից հաշվետու ժամանակահատվածում ընդունված որոշումներն ու իրականացված քայլերը, ամփոփեցին նախազորակոչային պատրաստության և հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ իրականացված աշխատանքները:

Քննարկվեցին նաև ձեռքբերումներն ու բացթողումները, նախանշվեցին 2014-ին իրականացվելիք համատեղ ծրագրերը։

Ամփոփելով նիստի արդյունքները՝  Օհանյանը նկատեց, որ զեկույցներում ընդգրկված մի շարք փաստարկներ իրապես մտահոգիչ են և կարիք ունեն անհապաղ միջամտության: Օհանյանը հավելեց նաև, որ թեպետ հաշվետու ժամանակահատվածում ընդունվել և կյանքի են կոչվել բազմաթիվ համատեղ հրամաններ և իրականացվել են հարյուրավոր միջոցառումներ, այդուհանդերձ, հարկ է առավել ուշադրություն դարձնել իրականացվող քայլերի ոչ թե քանակական, այլ որակական չափորոշիչներին և դաստիարակության արդյունավետության բարձրացմանը:

Նիստի ավարտին մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ և զինծառայողներ արժանացան գերատեսչական պարգևների, պատվոգրերի, արժեքավոր նվերների:

One response to “Հայրենասիրական դաստիարակության միջոցառումների ամփոփում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *