Մանրուքները ծավալվում են և դառնում հանցագործություն. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է մի շարք զորամասերի վաշտերի և մարտկոցների հրամանատարներին՝ մատնանշելով 2013-ի ձեռքբերումների ու բացթողումները:

Օհանյանը հանդիպել է վաշտերի ու մարտկոցների հրամանատարներին

Օհանյանը հանդիպել է վաշտերի ու մարտկոցների հրամանատարներին

Հունվարի 12-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, բարձրաստիճան զինվորականներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ:

Իր խոսքում պաշտպանության նախարարն ամփոփել է 2013-իաշխատանքները, արձանագրված հաջողություններն ու բացթողումները:

«Հաջողություններ առաջին հերթին ունեցել ենք մարտական հերթապահության իրականացման ոլորտում, առաջին գծում ինժեներական և հետախուզական նորագույն միջոցների տեղադրման, դրանց յուրացման գործում: Տարին եղել է մարտական խնդիրների արդյունավետության բարձրացման տարի, որի ապացույցը հատկապես խնդիրների յուրացումն ու կատարելագործումն էր հենց դիրքերում»,-ասել է նախարարը:

Սեյրան Օհանյանը նշել է, որ խորհրդակցության նպատակն է` վեր հանել վաշտ-մարտկոց օղակում առկա խնդիրները, նախանշել դրանց լուծման արդյունավետ ուղիները և 2014 թ. կատարելագործել այդ օղակի գործունեությունը: «Վաշտ-մարտկոց օղակը ուսուցման և դաստիարակության հիմնական կենտրոնն է բանակում: Մարտավարական պարապմունքների, զորավարժությունների անցկացումը, ընթացիկ ծանրաբեռնվածությունը հիմնականում այս օղակի հրամանատարների ուսերին են, պատահարներն ու դեպքերն էլ ընկալվում են որպես նրանց աշխատանքի թերացում: Այս օղակը ավելի հաճախ է քննադատվում, քանի որ այս օղակի հրամանատարներն իրենց ծառայողական առաջին քայլերն են անում, և նրանց թերանալու հավանականությունն ավելի մեծ է: Վաշտերի հրամանատարների համար կարևորում եմ ինքնակրթությունը, հմտությունների շարունակական կատարելագործումը և ժամկետային զինծառայողների հետ աշխատանքների նոր, սեփական մոտեցումների մշակումը: Դուք եք, որ սեփական օրինակով կարող եք օգնել զինվորին և խրախուսանքների տարբեր միջոցներով ստեղծել ընդհանուր փոխվստահության մթնոլորտ»,- ասել է  Օհանյանը:

Անդրադառնալով 2013-ի ընթացքում արձանագրված թերացումների մասին` նախարարը շեշտել  է բացթողումները հատկապես դաստիարակչական աշխատանքներում, քանի որ «մենք չենք սովորել ծրագրերը իրականացնել հետևողականորեն` ուշադրություն դարձնելով մանրուքներին»:

«Արձանագրված միջադեպերը մատնանշում են, որ մանրուքները ծավալվում են և դառնում հանցագործություն: Մարդկային կորուստները մեր խոցելի կողմն են: Կորուստների հետևանքով ամբողջ պետությունը սասանվում է, ընտանիքներ են դժբախտանում, զինվորական ծառայությունը դուրս է գալիս իր բնականոն հունից: Հանցագործությունների հիմքում ընկած է անհանդուրժողականությունը, պետք է բոլոր օղակներում բարելավենք մարդկային հարաբերությունները և վերջնականապես ձևավորենք ուժեղ և ինքնավստահ բանակ: Հասարակությունը մեզնից պահանջում է խստություն, մենք էլ պետք է հասկանանք, որ խիստ, բայց արդարացի մոտեցմամբ կհասնենք հաջողության: Այս առումով վաշտ-մարտկոց օղակի հրամանատարները շատ անելիքներ ունեն: Մենք արդեն 22 տարեկան ենք, բայց դա չի նշանակում, որ մեր փորձառությունն այդքան քիչ է: Մեր հրաշալի ռազմական հրամանատարների ղեկավարման բարձր ունակությունների շնորհիվ կարողացանք ձեռք բերել մեր հաղթանակները` այսօր տարածաշրջանում լինելով միակ հաղթանակած բանակ ունեցող երկիրը: Մեր հրաշալի ռազմական գիտության և համաշխարհային ասպարեզներում հռչակ բերած հայ զորահրամանատարների փորձն ու գիտելիքը բազմադարյա են, շարունակեք ավելացնել մեր պապերի և հաղթանակ կերտած մեր ընկերների սխրանքները»,- շեշտել է նախարարը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել հրամանատարներին, նշել, որ հրամանատարների համար հեշտ չի լինի, բայց հաջողությունը միայն ու միայն իրենց հետևողականությամբ է պայմանավորված: Խորհրդակցության ավարտին մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *