Պաշտպանության նախարարը հանդիպել է ՊԲ սպայակազմին

ԱՄՆ պաշտպանության նախարարը որոշել է սահմանափակել ռազմական գնումները։ Պատճառը Սպիտակ տան ներկայացրած բյուջետային ակնկալվող ծախսերն են, որոնք թույլ չեն տալիս նախատեսված քանակի սպառազինություն գնել։

ԱՄՆ ՌԾՈՒ առափնյա պարեկության նավ

ԱՄՆ ՌԾՈՒ առափնյա պարեկության նավ

Մասնավորապես, ակնկալվում է, որ 52 մերձափնյա գոտում գործող մարտական նավերի (LCS) փոխարեն գնելու են 32-ը։ Այնուհանդերձ, այս որոշումը վերջնական չէ, քանի որ այն պետք է հաստատի ԱՄՆ նախագահի վարչակազմի վարչական-բյուջետային վարչությունը։

Ինչպես հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը, ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Ռայան Պերին շեշտել է՝ համագործակցելու են նախագահական աշխատակազմի հետ, սակայն 2015-ի ռազմական բյուջեի նախագիծը ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվելու է փետրվարի կեսերից ոչ շուտ։

Ըստ Պենտագոնի աղբյուրների՝ ՊՆ-ն հունվարի սկզբին մտադիր էր նմանատիպ ռազմանավերից գնել առավելագույնը 20 միավոր, սակայն ռազմածովային ուժերի հրամանատար Ռեյ Մաբուսը դեմ է եղել այդ որոշմանը՝ ընդգծելով ռազմանավերի կարևորությունն ամերիկյան ուժերի համար։ Սկզբնական շրջանում ընդունվել էր 55 նման նավեր գնելու որոշում, դրանց թիվը նվազեցվել էր 52-ի 2013-ին՝ կախված Աֆրիկայում ԱՄՆ ԶՈւ միացյալ հրամանատարության պահանջներից։

2010-ին անցկացված մրցույթի արդյունքում ԱՄՆ նավատորմը որոշել էր պատվիրել 2 տիպի առափնյա պարեկության ռազմանավ՝ Lockheed Martin-ի արագընթաց բազմակորպուս նավ և Austral USA-ի տրիմարան (վերնամասում միմյանց զուգահեռ ամրացված երեք կորպուսներով նավ)։ Ներկա դրությամբ նավատորմն ունի 3 միավոր առափնյա պարեկության նավ, իսկ 4-րդի վրա դրոշ է բարձրացվելու 2014-ի ապրիլին։ Հայտնի է, որ պայմանագիր է կնքվել 2016-ին ևս 20 նավերի տրամադրման համար։

Նկատենք, որ ԱՄՆ ՌԾՈւ-ի գնած  առափնյա պարեկության նոր նավերը պետք է փոխարինեն Oliver Hazard Perry տիպի հնացած ֆրեգատներին և ականազերծիչ նավերին։

Առափնյա պարեկության ռազմանավերը նախատեսված են ափամերձ գոտում հականավային պաշտպանության, փոխադրումների, որոնողափրկարարական գործողությունների, հետախուզության և հատուկ գործողությունների համար։ Այս տիպի նավերի զանգվածը մոտ 3 հազար տոննա է, երկարությունը՝ 115 մ, լայնությունը՝ 17 մ, արագությունը՝ 40-50 հանգույց, անձնակազմը՝ 50 հոգի, բաց ծովում մնալու տևողությունը՝ 21 ժամ։ Կարող է կրել Mk 110 հրետանային համակարգեր, հրթիռներ, տորպեդներ, բացի այդ՝ 2 միավոր MH-60R/S Seahawk  ուղղաթիռ և MQ-8 Fire Scout անօդաչու թռչող սարք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *