«Բանակը օրինակելի է դառնալու նաև հասարակության համար». ՀՀ նախագահ: Օրվա ամփոփում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ԶՈՒ-ի ձեռքբերումներին և ներուժին: Հրադադարն այս շաբաթ խախտվել է 150 անգամ: ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչները նշել են, որ Սիրայում նախագահը լիարժեք կերպով տիրապետում է իրավիճակին: Իսկ Իրանը շարունակում է հայտարարել, որ իր դեմ վարվող ռազմական գործողություններին արժանի հակահարված կտա:

  • Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ՀՀ ԶՈւ-ի ձեռքբերումներին, ասել է. «Այս ընթացքում հզորացվել է պաշտպանական ներուժը: Ներդրվել են ինչպես ներկրված, այնպես էլ սեփական արտադրության սպառազինություն և տեխնիկա, երկիրն այսօր հավանական հակառակորդին զսպելու բավարար ուժ և միջոցներ ունի: Մենք շարունակելու ենք մեր պաշտպանական ներուժը համապատասխանեցնել արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության եւ վերահսկելիության արդիական չափանիշներին: Բանակը օրինակելի է դառնալու նաև հասարակության համար: Բոլոր ներկա միտումները ևս վկայում են, որ մենք նման չափանիշների շատ շուտ ենք հասնելու»:
  • Նախորդ շաբաթ ևս սահմանին խաղաղ չի եղել և հակառակորդը հրադադարը խախտել է 150 անգամ` արձակվելով շուրջ 700 կրակոց:
  • «Eurasia Daily Monitor»-ի հրապարակած հոդվածում ասվում է, թե Ադրբեջանի` Իսրայելից գնած համակարգերը նախատեսված են Հայաստանի դեմ հնարավոր օգտագործման համար` «գրավված տարածքները» վերադարձնելու նպատակով: «Իրական վտանգը նրանում է, որ այդ սպառազինությունները կարող են ադրբեջանական կառավարությունում որոշակի տարրերի արթնացնել, որոնք կարծում են, թե պետք է Հայաստանի հետ պատերազմ սկսել»,- գրում է հոդվածագիրը: Սակայն, հարկ է նշել, որ այս հարցում հայ փորձագետներն այլ տեսակետ ունեն և համոզված են, որ պաշտպանական ոլորտի համակարգերը չեն կարող ուղղվել Հայաստանի դեմ, քանի որ մենք չունենք այնպիսի սպառազինություն, որից այդ համակարգերը կարող են պաշտպանել Ադրբեջանին:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Կահիրեում ` Արաբական երկրների լիգայի անդամ պետությունների և Ռուսաստանի ԱԳ նախարարները Սիրայում ստեղծված իրադրության կարգավորման ծրագիր են համաձայնեցրել, որը բաղկացած է 5 կետից: Դրանք են` բռնության դադարեցում, դիտորդական մեխանիզմի ստեղծում, տուժած սիրիացիներին մարդասիրական օգնության անխափան մատակարարում, ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի առաքելության սատարում և Սիրիայի գործերին օտար պետության միջամտության անթույլատրելիություն:
  • Իսկ Դամասկոսից, Հոմսից և Լաթաքիայից Թուրքիա փախած զինվորականները տեղավորվել են թուրքերի կողմից ձևավորված «Ազատ սպաների ճամբարում»: Նրանք` նոր ստեղծվելիք «ռազմական խորհրդի» կազմում կհամախմբեն Ասադի բանակից փախած զինվորներին:
  • Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է իշխանության հետ խաղաղ բանակցություններից` գերադասելով դրսից ռազմական օգնություն ստանալու ջանքեր գործադրել:
  • The Washington Post թերթի` ամերիկյան հետախուզության անանուն ներկայացուցիչները հայտնել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը վստահորեն կառավարում է երկիրը, տիրապետում է իրավիճակին` չնայած մեկ տարի շարունակվող հակամարտությանը:

Ինտերնետում հայտնված որոշ նկարներից դատելով` մասնագետները նշում են, որ Չինաստանը ստեղծել է միջին հեռավորության նոր` պինդ վառելիքային բալիստիկ հրթիռ:

Իրանի պաշտոնական ներկայացուցիչները շարունակում են հայտարարել, որ Իրանը պատրաստ է հակահարված տալ իր դեմ ռազմական ոտնձգություններ իրականացնող երկրներին: Լիբանանում Իրանի դեսպան Գազանֆար Ռոկնաբադին հայտարարել է, որ Իրանն իր միջուկային օբյեկտներին հարված ստանալու դեպքում պատրաստ է մոտ 11.000 հրթիռ արձակել Իսրայելի ու տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *