Դեկտեմբերի 28-ին Ադրբեջանի Բաքու-Շամախը ավտոճանապարհի 59-րդ կիլոմետրին իրար են բախվել ՎԱԶ-2107 մակնիշի երկու ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 հոգի մահացել է, ևս մեկի վիճակը բժիշկները գնահատում են ծանր։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, զոհվածների թվում է եղել նաև 1985 թվականին ծնված զինծառայող Սամանդար Խալիլովը։
Վերջինս զինվորական ծառայություն էր անցնում Բաքվի զորամասերից մեկում և ամանորյա տոների կապակցությամբ վերցրել էր արձակուրդ ու վերադառնում էր տուն՝ Աղսուի շրջան։ Փաստի առթիվ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության պետական գլխավոր վարչությունը հետաքննություն է վարում:
Նշենք, որ ճանապարհատրանսպորտային այս պատահարի արդյունքում զոհված զինծառայողը դարձավ Ադրբեջանի պաշտպանական համակարգում 2013 թվականի ընթացքում գրանցված 85-րդ կորուստը։ Հավելենք նաև, որ ընթացիկ տարում, Ադրբեջանի հայտարարած պաշտոնական տվյալների համաձայն` մինչ այս դեպքը ՃՏՊ-ից զոհվել են 15 զինծառայող։