Ռուսաստանում ՄիԳ-31 կործանիչ է ընկել. զոհեր չկան

ՌԴ ՊՆ ՄիԳ-31 կործանիչը «Կնևիչի» օդանավակայանից փորձնական թռիչքներ կատարելիս վթարի է ենթարկվել ու վայր ընկել Պրիմորյեի շրջանում։ Ինքնաթիռը թռիչք էր կատարում առանց սպառազինության։

ՄիԳ-31

ՄիԳ-31

Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, վթարի նախնական պատճառը շարժիչներից մեկի աշխատանքի խափանումն է։

ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են, որ վթարի ենթարկված ՄիԳ-31-ն ընկել է Օլենովոդ գյուղին կից։ Մասնագետների գնահատմամբ՝ այն ենթակա չէ վերանորոգման։ Օդաչուները չեն տուժել, զոհվածներ ու վիրավորներ խաղաղ բնակչության շրջանում չկան։

ՄիԳ-31-ը կառավարում էին փորձառու օդաչուներ, որոնք ավելի քան 2 հազար ժամ թռիչքի փորձ ունեին։

«Ինտերֆաքս» գործակալությունն էլ, իր հերթին, հաղորդում է՝ ինքնաթիռը փորձնական թռիչք էր կատարում «Ավիազավոդ-322» գործարանում անցած ծրագրային վերանորոգումից հետո։

Հետաքննական հանձնաժողովն արդեն իսկ քրեական գործ է հարուցել փաստի առնչությամբ։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ գործը հարուցվել է «թռիչքի կանոնների ու թռիչքի պատրաստման օրենքների խախտում» հոդվածով։ Մեղավորները ստանալու են մինչև 7 տարի ազատազրկում։ Քննիչներն ավիագործարանից վերցրել են ՄիԳ-31-ի վերանորոգմանն առնչվող փաստաթղթերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *