Ադրբեջանում չեն հավատում առաջնագծում զոհված զինծառայողի մահվան պատճառի պաշտոնական վարկածին։ Զինծառայողը պայթել է ականի վրա։ Ադրբեջանի 2011-2013-ի՝ սպառազինության գնումները՝ ըստ ռուսական կենտրոնի զեկույցի։ Ադրբեջանի ՊՆ խոսնակը հեռացված է։
-Ադրբեջանում առաջնագծի հատվածում մահացել է ԶՈւ 19-ամյա զինծառայող Օրհան Շիրազի օղլու Ալիևը։ Նախնական վարկածի համաձայն՝ նա մահացել է քնած ժամանակ, սրտի անբավարարության պատճառով։
Սա Զաքիր Հասանովի՝ պաշտպանության նախարար նշանակվելուց ի վեր առաջին ոչ մարտական կորստի դեպքն է, երբ զինծառայողների իրավունքներով զբաղվող ՀԿ-ներն Ադրբեջանում կրկին բարձրաձայնում են զինծառայողի մահվան իրական պատճառները թաքցնելու մասին։
Հելսինկյան քաղաքացիական հանձնաժողովի ղեկավար Արզու Աբդուլաևայի խոսքերով՝ ՊՆ-ի վարկածն Օրհան Ալիևի մահվան պատճառի հարցում իրականությունից հեռու է։ «Շատ հնարավոր է՝ զինծառայողը մահացել է ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով, ինչն Ադրբեջանի ԶՈւ-ում եզակի դեպք չէ»։
-Դեկտեմբերի 12-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանում առաջնագծի հատվածում օրերս 18-ամյա զինծառայող Ջաֆարով Նիզամեդդին Նիյազը օղլուն պայթել է ականի վրա։ Նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ։
-Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ամենամյա զեկույցում ուշագրավ տվյալներ կան Ադրբեջանի վերաբերյալ, մասնավորապես Ռուսաստանի, Բելառուսի, Թուրքիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Իսրայելի, Ուկրաինայի հետ կնքած գործարքների մասին։
-Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը դեկտեմբերի 11-ին հրաման է ստորագրել պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Էլդար Սաբիրօղլուին զորացրելու վերաբերյալ։
Հոկտեմբերի 26-ից ի վեր լուրեր էին պտտվում Ադրբեջանի ՊՆ կադրային կտրուկ փոփոխությունների համատեքստում նաև ՊՆ խոսնակի հեռացման մասին։ Հոկտեմբերի 28-ին Սաբիրօղլուն հաստատել էր շրջանառվող լուրերը։
-Ադրբեջանի պաշտպանության նախարարության ուսումնավարժական կենտրոնի շենքում դեկտեմբերի 10-ին կայացել է Ադրբեջանի զինված ուժերի հարցերին նվիրված խորհրդակցություն։ Ներկաներն ամփոփել են 2013-ի ռազմական իրադարձությունները և քննարկել 2014-ին սպասվող աշխատանքները։
-Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Բահրեյնի զինված ուժերի գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ, շեյխ Հալիֆ բին Ահմադ ալ-Հալիֆին։
-Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել: Դրանց շարքում են Չինաստանի և Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանների հետ հանդիպումները:
Զաքիր Հասանովը դեկտեմբերի 13-ին այցելել է Ադրբեջանի ԶՈւ Բաքվի կայազորի ռազմաօդային ուժերի զորամաս։
Ադրբեջանն ու Բահրեյնը ռազմական փոխհամաձայնության հուշագիր են կնքել 2008-ի մարտին։ Բահրեյնի կողմից ստորագրել է նույն ֆելդմարշալ, շեյխ Հալիֆ բին Ահմադ ալ-Հալիֆին, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության արդեն իսկ նախկին նախարար Սաֆար Աբիևը։
-Ադրբեջանի կառավարությունը փոփոխություններ է կատարել «Ռազմաբժշկական փորձագիտական եզրակացության մասին» օրենքում։ «Քաղաքացիների առողջական վիճակի հավելյալ պահանջներ» բաժինն արդեն իսկ վերաբերելու է նաև պայմանագրային սկզբունքով ծառայություն անցնող անձանց։
Բացի այդ, հանվել է պետական սահմանապահ ծառայությունում աշխատել ցանկացողներին առնչվող սահմանափակումը՝ մինչև 155 սմ սահմանված հասակը։ Առավելագույն հասակը մնացել է նույնը՝ 185 սմ։
Ռազմաշաբաթը նաև՝