Ֆրանսիական նոր զորքեր են մուտք գործելու Կենտրոնաֆրիկյան հանրապետություն ՄԱԿ-ի վավերացմամբ

Ֆրանսիայի զինված ուժերը, պաշտպանության նախարարի վկայությամբ, ռազմական գործողություններ են սկսել Կենտրոնաֆիկյան Հանրապետության տարածքում, որտեղ մի քանի օր է, ինչ արյունալի բախումներ են մուսուլման ու քրիստոնյա բնակիչների միջև։

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լե Դրիանը հայտարարել է՝Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում առկա են 1200 ֆրանսիացի զինծառայող ու սպա, որոնք արդեն պարեկություն են իրականացնում մայրաքաղաք Բանգիի փողոցներում։ Բացի ցամաքային զորքերից, ֆրանսիացիները գործադրել են պարեկային ուղղաթիռներ։

Նախարարի խոսքերով՝ Ֆրանսիայի գերնպատակը տեղացի քրիստոնյաների ու մուսուլմանների՝ արդեն մի քանի օր շարունակվող բախումների կասեցումն է, դրանց հետևանքով ի հայտ եկած ավազակախմբերի, հանցագործների ու կողոպտիչների գործունեության վերացումը։

Ակնկալվում է, որ շուտով ֆրանսիական ստորաբաժանմանը միանալու է ևս 800 զինծառայող Աֆրիկյան միությունից, որը հանրապետությունում արդեն ունի 2500 ծառայություն անցնողներ։

Նկատենք, որ դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձև է ընդունել։ Համաձայն դրա՝ վավերացվում է ֆրանսիացի, նաև Աֆրիկյան միության զինծառայողների մուտքը Կենտրոնաֆրիկյան հանրապետություն։ Բացի այդ, արգելվում է զենք-զինամթերքի ներմուծումը պետություն, կոչ է արվում անհապաղ հետաքննություն սկսել Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում մարդու իրավունքների զանգվածային խախտումների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Կենտրոնաֆրիկյան հանրապետությունում իրավիճակը լարված է վերջին ամիսների ընթացքում։ 2013-ի մարտին Կենտրոնաֆրիկյան հանրապետության նախագահ Ֆրանսուա Բոզիզեն գահընկեց է արվել «Սելեկա» անունը կրող մուսուլման զինյալների դրդմամբ։ Կենտրոնական իշխանության բացակայության հետևանքով ծայր են առել քրիստոնյա և մուսուլման համայնքների հակասությունները։ Քրիստոնյաների ու մուսուլմանների բախումներն ուղեկցվում են զանգվածային սպանություններով, բռնաբարություններով ու թալանով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *