Հնդկաստանը կարող է հրաժարվել լեհական հետևակի մարտական մեքենաներից

Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը նախաձեռնել է նորոգման-էվակուացման զրահապատ մեքենաների գնման նոր մրցույթ։ Սա կարող է նշանակել, որ Հնդկաստանը հրաժարվում է լեհական «Bumar Łabędy» («Բումար Լաբեդի») ընկերության հետ կնքված պայմանագրից, ըստ որի ընկերությունը Հնդկաստանի ԶՈւ-ին պիտի տրամադրեր սեփական արտադրության WZT-3 նորոգման-էվակուացման զրահապատ մեքենաներ։

Մեքենաների ձեռքբերման ներկա մրցույթը նախարարությունը հրապարակել է 2013-ի նոյեմբերին։ Ըստ հայտարարության ձեռք բերվելիք մեքենայի մարտական զանգվածը չպիտի գերազանցի 48 տոննան, երկարությունը՝ 8,5 մետրը։ Երթի պաշարը խճուղում պիտի լինի առնվազն 550 կմ, կտրտված տեղանքում՝ 350 կմ։ Մեքենայի վրա պիտի դրված լինեն նույն գնդացիրները, որոնք տեղադրված են Հնդկաստանի սպառազինության մեջ գտնվող Տ-72 ու Տ-90 տանկերի վրա (7,62 մմ ՊԿՏ ու 12,7 մմ ՆՍՎՏ)։ Գնդացիրների մարտական լրակազմը պիտի լինի առնվազն 700 փամփուշտ։ Մեքենայի շարժիչի հզորությունը պիտի լինի առնվազն 1000 ձիաուժ, իսկ տեսակարար հզորությունը՝ 22 ձիաուժ/տոննա։ Մրցույթի համար հայտեր ուղարկելու ժամկետը մինչև դեկտեմբերի 20-ն է։

Լեհական WZT-3 նորոգման-էվակուացմն զրահապատ մեքենան

Լեհական WZT-3 նորոգման-էվակուացմն զրահապատ մեքենան

Նախորդ պայմանագիրը լեհական Bumar Łabędy ու հնդկական BEML (Bharat Earth Movers Limited – «Բհարատ Էրթ մուվերս լիմիթեդ») միջնորդ ընկերության միջև կնքվել է 2012-ի հունվարին։ Ըստ այդ պայմանագրի՝ լեհական ընկերությունը հնդկական կողմին տրամադրելու էր 204 միավոր WZT-3, որոնցից 8-ը տրամադրվելու էին պատրաստի, իսկ մյուս 196 միավոր մեքենաները հավաքվելու էին Հնդկաստանում։ Պայմանագրի արժեքը 255 մլն ԱՄՆ դոլար էր, որից լեհական ընկերությանը հասնելու էր 190,5 մլն ԱՄՆ դոլարը։ Պայմանագրի արժեքի մեջ էին նաև տրամադրվող մեքենաների տեխնիկական սպասարկումը, հավաքվող մեքենաների որոշ դետալների արտադրությունը BEML-ի միջոցով, պատրաստի մեքենաների փորձարկումը և այլն։

Լեհական ընկերությունը, սակայն, չի հասցրել իրականացնել WZT-3 նորոգման-էվակուացման զրահապատ մեքենաների տրամադրումը, ինչի արդյունքում պայմանագրի կատարումը սառեցվեց։ Ներկայում լեհական ընկերությունը փորձում է բանակցություններ վարել պայմանագրի վերականգնման համար, սակայն անգամ այդ դեպքում լեհական կողմը կարող է վնաս կրել, քանի որ պայմանագրի կնքումից հետո հնդկական դրամը՝ ռուփին, զգալի անկում է ունեցել ԱՄՆ դոլարի նկատմամբ։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձած հայ-լեհական պայմանագրի համաձայն՝ հայկական ԶՈւ 84 միավոր Տ-72 տանկերի արդիականացումը պարտավորվել է իրականացնել հենց լեհական Bumar Łabędy ընկերությունը։ Պայմանագրի արժեքը 100 մլն ԱՄՆ դոլար է, իսկ պայմանագրի կատարումը նախատեսված է ավարտել 2015-ին։

Լեհական WZT սերիայի մեքենաները նախատեսված են դաշտային պայմաններում զրահատեխնիկայի վերանորոգման ու էվակուացման համար։ Դրանք Bumar Łabędy ընկերությունը ավանդաբար արտադրել է խորհրդային տանկերի հիմքի վրա, որոնցից նա արտադրել է ԽՍՀՄ արտոնագրերով։ Այսպես WZT-1, WZT-2 մեքենաները ստեղծվել են Տ-54, Տ-55 տանկերի հիմքի վրա, իսկ WZT-3-ները՝ Տ-72-ի հիմքի վրա 1989-ին։ Մեքենայի զանգվածը 42 տոննա է, երկարությունը՝ 8,3 մետր։ Վրան դրված է 780 ձիաուժանոց շարժիչ, տեսակարար հզորությունը 18,6 ձիաուժ/տոննա է։ Մեքենայի անձնակազմը 4 մարդ է, զինված է 12,7 մմ ՆՍՎՏ գնդացրով։ Այս մեքենաները գտնվում են Լեհաստանի, Խորվաթիայի, Քուվեյթի ու Սերբիայի զինված ուժերի սպառազինությունում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *