Եմենում ահաբեկչություն է իրականացվել ՊՆ-ի շենքի մոտ. կան զոհեր

Եմենի մայրաքաղաք Սանայում պաշտպանության նախարարության շենքի մոտ ահաբեկչություն է գրանցվել։ Դրա հետևանքով նախնական տվյալներով սպանվել է 29 հոգի, որոնց շարքում կան զինծառայողներ։

 

Եմենի ՊՆ-ի շենքը՝ ահաբեկչությունից հետո

Եմենի ՊՆ-ի շենքը՝ ահաբեկչությունից հետո

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում կատարելով ռազմական աղբյուրներին, ներկա դրությամբ զոհվածների շարքում են ոչ թե 30, այլ 20 հոգի, այդ թվում՝ զինյալներ։

AP լրատվական գործակալության վկայությամբ՝ զոհվածները 30-ն են, նրանց շարքում է 15 զինծառայող, վիրավորների թվում է 40 զինծառայող, սպանված զինյալների թիվը 12 է։ Նշվում է, որ ահաբեկչություն իրականացնելիս զինյալներն ինտենսիվ կրակ են բացել ՊՆ-ի շենքի ուղղությամբ։

Այս պահի դրությամբ հայտնի է՝ սպանվածների շարքում են 6 բժիշկ, տեղական զինհոսպիտալի 5 հիվանդ։ Սպանված բժիշկների շարքում 1-ը Վենեսուելայի, մյուսը՝ Ֆիլիպինների քաղաքացիներ են։ Հոսպիտալի զոհված հիվանդների շարքում էլ մեկը դատավոր էր։

BBC News լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ահաբեկչության հետևանքով մահացել է 29 հոգի, վիրավոր են 70-ը։

Դեկտեմբերի 5-ին մահապարտ ահաբեկիչն ականապատ ավտոմեքենայով բախվել է ՊՆ-ի շենքի պարսպին։ Րոպեներ անց զինյալների մեկ այլ ավտոմեքենա մոտեցել է պարսպին։ Ավտոմեքենայի ուղևորները՝ ահաբեկիչները, զինված ինքնաձիգերով, ձեռքի նռնակներով, նռնականետերով, հարձակվել են ոստիկանների ու զինծառայողների վրա։

Ահաբեկչության պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։

Հիշեցնենք, որ Եմենում կենտրոնական իշխանության դիրքերը թուլացել են, երբ դեռևս 2011-ին հրաժարական է տվել շուրջ 30 տարի երկիրը կառավարող նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը։ Ստեղծված իրավիճակից օգտվել են «ալ Կաիդայի» զինյալները, որոնք այս ընթացքում քայլեր են ձեռնարկում Եմենի տարածքում իսլամական պետություն ստեղծելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *