Թուրքական «Ասելսան» ընկերությունը նոյեմբերի 26-ից սկսել է երկրի զինված ուժերին մատակարարել նոր էլեկտրոնային-օպտիկակական ջերմացույց սարքեր։ Նոր համակարգերն օգտագործվելու են Թուրքիայի ԶՈւ սահմանապահ ստորաբաժանումների կողմից՝ պետական սահմանը հսկելու համար։ Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Ջերմացույցների տրամադրումն իրականացվում է Եվրամիության Սահմանապահ հսկողության կառավարման ինտեգրման նախագծի (IBMAP) շրջանակներում։ Այս նախագծի արժեքը 16.7 մլն ամերիկյան դոլար է, իսկ ֆինանսավորման 75 տոկոսն իրականացնում է ԵՄ-ն։ Այս ծրագրի միջոցով Եվրամիությունը ցանկանում է ԵՄ թեկնածու Թուրքիայում սահմանի հսկողության չափանիշները համապատասխանեցնել եվրոպական մյուս երկրների ընդհանուր չափանիշներին։
Թուրքիայի ցամաքային զորքերն ընդհանուր առմամբ ստանալու են 187 միավոր ոչ շարժական Falconeye-MW և 30 միավոր շարժական Eye Mobile ջերմացույց սարքեր։
Falconeye-MW սարքի մեջ մտնում է միջինալիքային ինֆրակարմիր սպեկտրով աշխատող ցերմացույց տեսախցիկ և լազերային հեռաչափ, որը կարող է աշխատել մինչ 20 կմ հեռավորության վրա։ Այն ունի նաև GPS համակարգ և թվային կողմնացույց։ Այն հնարավոր է տեղադրել նաև ավտոմեքենաների վրա։
Eye Mobile ջերմացույց սարքի քաշը շուրջ 3 կգ է։ Այս սարքում նույնպես օգտագործվել են Falconeye-MW-ի տեխնոլոգիական լուծումները։