Ֆրանսիան 18 ամսով հրաժարվելու է իր միակ ավիակրից

Ֆրանսիան 2016-ի սեպտեմբերից 18 ամսով հրաժարվելու է իր միակ «Շառլ դը Գոլ» ավիակրից։ Նավն անցնելու է համալիր վերանորոգում, որն ավարտվելու է թերևս 2018-ի փետրվարին։ Վերանորոգման համար ծրագրված է ծախսել 1.3 մլրդ եվրո (մոտ 1.5 մլրդ դոլար)։ Նախատեսված է վերալիցքավորել նաև ավիակրի միջուկային ռեակտորները։

«Շառլ դը Գոլ» ավիակիր

«Շառլ դը Գոլ» ավիակիր

Նշենք, որ ֆրանսիական ավիակրի համալիր վերանորոգումը ծրագրային է լինելու, քանի որ նավն ամեն 7.5 տարին մեկ անգամ պետք է վերանորոգվի ու սպասարկվի, այդ թվում՝ անցնի ռեակտորների լիցքավորում։

«Շառլ դը Գոլ»-ը վերջին անգամ վերանորոգել են 2008-2009 թթ.։ Սպասվող վերանորոգումը խիստ կարևոր է լինելու ավիակրի համար, քանի որ իրականացվելու է վերջինիս շահագործման նախատեսված ժամկետի կեսին։ Ֆրանսիան ծրագրել է դուրս բերել նավը շահագործումից 2041-ին։

«Շառլ դը Գոլ»-ը կառուցել են 1989-ին, ջուրն է իջեցվել 1994-ին, ընդգրկվել է ռազմածովային ուժերի կազմում 2001-ին։ Շահագործման ընթացքում նավի կառուցվածքում հայտնաբերվել են մի շարք թերացումներ։ Այսպես, 2010-ին խնդիրներ երևան եկան ավիակրի ուժային սարքավորումերի էլեկտրական բաղադրամասի հետ, իսկ դեռևս 2008-ի կեսերին փորձարկումների ժամանակ շարժահաղորդ գլանում մաշվածություն էին հայտնաբերել, 2000-ին էլ կոտրվել էր պտուտակներից մեկը։

Հավելենք, որ ավիակրի ջրատարողությունը կազմում է 42 հազար տոննա, երկարությունը՝ 261.5, լայնությունը՝ 64.4 մ, բարձրությունը՝ 75 մ։ Նավն ունակ է բացել մինչև 27 հանգույց արագություն։ «Շառլ դը Գոլ»-ի ավիախմբում ներառված են 40 ինքնաթիռներ, այդ թվում՝ հեռահար ռադիոտեղորոշման E-2C Hawkeye և Rafale M կործանիչներ։

Նկատենք, որ Ֆրանսիայի ՊՆ-ն ծրագրել էր «Շառլ դը Գոլ»-ի տիպի երկրորդ ավիակիրը կառուցել, սակայն 2012-ին նախագիծը կասեցվել է ծախսատար լինելու պատճառով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *